Բռնի տեղահանված անձինք, ովքեր ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:
Կենսաթոշակի (այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար պետք է հետևել ներկայացված քայլերի հաջորդականությանը՝
Քայլ 1 — նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով):
Քայլ 2 — https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներ» պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» դաշտի վրա։
Քայլ 3 — եթե հարթակում դեռևս չունեք անձնական հաշիվ, մինչ պահանջվող տվյալները լրացնելը, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ սեղմելով կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։ Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը Ձեզ հնարավորություն կտա օգտվել կայքից։
Քայլ 4 — վերոնշյալ քայլերը կատարելուց հետո՝ անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» կոճակի վրա, նշել էլեկտրոնային հասցե և գաղտնաբառ, որից հետո կկարողանաք լրացնել պահանջվող տվյալները, այն է՝
անուն, ազգանուն,
ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
անձը հաստատող փաստաթղթի համար,
հեռախոսահամար,
վճարման եղանակ (կանխիկ-անկանխիկ),
միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կենսաթոշակի վճարման տեսակը կարող են ընտրել կանխիկ եղանակը,
վճարող կազմակերպություն (Ձեր նախընտրելի բանկ)։
Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է տալ համաձայնություն՝ «Տեղեկացված եմ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին» դաշտում և սեղմել «Ստեղծել» կոճակի վրա։
Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։
Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում պետք է զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
