Ֆրանսիացի գրողներ Պոլ Էլյուարի <Ցավի մայրաքաղաք, որին հաջորդում է սեր պոեզիա> բանաստեղծությունների ժողովածուն եւ Բորիս Վիանի <Բոլոր մեռյալների մաշկը նույնն է> վեպը այսուհետ հայ ընթերցողի սեղանին են։
Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի ունեցավ գրքերի շնորհանդեսը եւ հանդիպում ֆրանսահայ թարգմանիչ Կարեն Խուրշուդյանի հետ։
Կարենը հետաքրքիր ճանապարհ է անցել մինչեւ թարգմանություններով զբաղվելը։
Lragrogh.com-ի հետ զրույցում նա պատմեց, որ ինքը Հայաստանում ստացել է իրավաբանական կրթություն, հայցորդ է եղել ԳԱԱ փիլիսոփայության իրավունքի եւ սոցիոլոգիայի ինստիտուտում, պարուսույց է եղել <Զվարթնոց> պարերի համույթում եւ ԱՕԿՍ-ում, Ա․ Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում։ 2005թ․ պարի խմբով մեկնել են Ֆրանսիա, եւ Կարենն էլ որոշել է մնալ այնտեղ, Մարսելում եւս որոշ ժամանակ պար է դասավանդել ։ Կարենը ներգրավվել է Մարսելի հայկական համայնքում, դարձել պարուսույց, այժմ ղեկավարում է Մարսելի <Խաչատուր Աբովյան> վարժարանը, գրում է եւ ֆրանսերենից հայերեն ու հայերենից ֆրանսերեն թարգմանություններ կատարում։
Կարեն Խուրշուդյանը նպատակ ունի կրթությունը շարունակել Հայաստանում, զբաղվել գրականությամբ։
<Խաչատուր Աբովյան> վարժարանում սկզբում եղել է ութ երեխա, հիմա, ըստ նրա, մի քանի հարյուր երեխա է ավարտել այդ վարժարանը։
<Այսօր ունենք 150-160 երեխա, որոնք հայերեն են սովորում վարժարանում, պարում են, նկարում, շախմատ խաղում, դաշնամուրի եւ աշխատանքի ուսուցման ժամեր ունեն։ Փորձում ենք ամեն գնով երեխաներին պահել մեր մշակութային կենտրոնում>,- ասաց նա։
Բացի Պոլ Էլյուարի եւ Բորիս Վիանի գործերից՝ Կարեն Խուրշուդյանը այլ գործեր էլ է թարգմանել, որոնք շուտով լույս կընծայի <Արմավ> հրատարակչությունը․ մեկը Վոլտերի <Հանդուրժողականության դաշնագիրն> է, Ֆրեդերիկ Սյուլեի <Չարքի հուշագրությունը>։

