«Քաղաքացիական պայմանագիրը» օրերս հայտարարեց, որ Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ համատեղ կառավարման մասին հուշագիրը։ Հիշեցնենք, որ 2021 թվականին կայացած ընտրությունների արդյունքում Գյումրիում ընտրություններին մասնակցած որևէ ուժի չէր հաջողվել ստանալ ընտրողների քվեների մեծամասնությունը, որից հետո ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» համատեղ կառավարման մասին հուշագիր էին ստորագրել։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք մշտապես բախվել են «Բալասանյան դաշինքի» ոչ թափանցիկ գործելաոճին, խնդիրներ են ունեցել ֆինանսական և այլ փաստաթղթերին հասանելիության հետ կապված: Հարությունյանը նշեց, որ ստանձնել էին քաղաքը համատեղ կառավարելու պատասխանատվություն՝ քաղաքը ավելի բարեկարգ, ավելի զարգացած դարձնելու համար, ժամանակը, սակայն, ցույց է տվել, որ դա այդ նպատակին հասնելու ոչ ճիշտ ճանապարհ էր։
Ո՞վ է ստվերային կառավարիչն ու արտաքին ի՞նչ միջամտության մասին է խոսքը։ ՔՊ խմբակցության ղեկավարն ասաց, որ այս երկու տարիների ընթացքում տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների շուրջ «Բալասանյան դաշինքի» հետ ունեցել են պայմանավորվածություններ, որոնք, սակայն, հետո ինչ-ինչ պատճառներով կյանքի չեն կոչվել, ինչն էլ իրենց ստիպել է եզրակացնել, որ քաղաքը կառավարվում է ստվերային կերպով։ Իսկ ՔՊ-ն ընդդիմադիր՞ր է դառնալու, թե՞ նախաձեռնելու է քաղաքապետին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց։ Հարությունյանն ասաց նաև, որ ավագանու մյուս խմբակցությունների հետ քննարկումներ չեն ունեցել։
Իսկ արդյո՞ք ՔՊ-ն՝ նշելով, որ համայնքը չի ղեկավարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նկատի ունի, որ տեղի է ունեցել հանցագործություն, և արդյո՞ք իրենք դիմել են դատախազություն, Հարությունյանն ասաց, որ եթե իրավապահները համարեն, որ իրենց հրապարակումը կարիք ունի ուսումնասիրություն սկսելու, ապա դա արդեն իրավապահների տիրույթում է։
Քաղաքապետի արդեն նախկին տեղակալ Վահագն Մկրտչյանն էլ ասաց, որ իրենք փորձել են «Բալասանյան դաշինքի» հետ խոսել, քննարկել ստեղծված իրավիճակը, սակայն որևէ բան չի փոխվել։ Այս պահի դրությամբ, ըստ Հարությունյանի, արտահերթ ընտրությունների օրակարգ իրենք չունեն, քանի որ կառավարման ճգնաժամ չի առաջացել, սակայն եթե արտահերթ ընտրությունների կարիք առաջանա՝ ՔՊ-ն դրանից չի խուսափում և պատրաստ է նորից քվե խնդրել գյումրեցիներից։ Քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը իր խոսքում որպես իրենց՝ «Բալասանյան դաշինքի» հետ պայմանավորվածությունների չիրականացման օրինակ բերեց քաղաքում տնակների ապամոնտաժման գործընթացը։ 800-ից ավելի տնակներից մի քանիսն են միայն ապամոնտաժվել ի՞նչ առնչություն ունի սրա հետ «Բալասանյան դաշինքը»։
ՔՊ ներկայացուցիչները այդպես էլ չնշեցին, թե կոնկրետ ում նկատի ունեն ստվերային կառավարիւչ ասելով։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, Սամվել Բալասանյանի որդու և մտերիմների մասին է։
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանին ունի ավագանու 33 անդամ, որից 14 մանդատ ունի «Բալասանյան դաշինքը», 11-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», 4 մանդատ ունի «Զարթոնք» կուսակցությունը և 2-ական՝ «Ապրելու երկիր» ու Հանրապետական կուսակցությունները։
Վովա Հակոբյան
Մանրամասն՝ տեսանյութում
