Ինչո՞ւ են սմարթֆոնների մարտկոցները բռնկվում և ինչպե՞ս խուսափել դրանից

Սմարթֆոնների մարտկոցները կարող են բռնվել տարբեր պատճառներով, սակայն նման դեպքերը տեղի են ունենում հիմնականում մի քանի կոնկրետ պատճառով, այս մասին ասել է Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազինը։

Սմարթֆոնի բռնկման երկու ամենատարածված պատճառներից մեկը մարտկոցի պատյանի վնասվածքներն են, որոնք առաջանում են հեռախոսի հաճախակի ընկնելու պատճառով, նշել է փորձագետը։ Երկրորդ պատճառը անորակ լիցքավորիչի կամ առանց կարգավորիչի արտաքին լիցքավորիչի (power bank) օգտագործումն է, որը կարող է փոխանցել ավելի շատ էներգիա, քան մարտկոցը կարող է ընդունել։

Մուրթազինը նաև նշել է, որ մարտկոցը կարող է գերտաքանալ և շարքից դուրս գալ, եթե սմարթֆոնը մնա արևի ուղիղ ճառագայթների տակ։ Նա զգուշացրել է, որ եթե մարտկոցը ուռած է և դուրս է գալիս իր պատյանից, ապա նման սարք օգտագործելն անվտանգ չէ, քանի որ այն կարող է բռնկվել և լուրջ այրվածքների պատճառ դառնալ։

Սակայն, ըստ փորձագետի, շատ դեպքերում, երբ մարտկոցը բռնկվում է, սմարթֆոնները պարզապես սկսում են ծխալ։ Ամբողջական բռնկումը չափազանց հազվադեպ է և պահանջում է որոշակի պայմաններ, ինչպիսիք են խոնավ եղանակը, կամ երբ սարքն ընկնում է ջրի մեջ, հատկապես, եթե մարտկոցի պատյանը վնասված է:

Մուրթազինը խորհուրդ է տալիս պարբերաբար՝ երկու, երեք տարին մեկ անգամ փոխարինել մարտկոցը։ Եթե ​​օգտատերը նկատում է, որ սմարթֆոնը սկսում է ավելի քիչ աշխատել մեկ լիցքավորմամբ կամ ավելի քիչ արդյունավետ աշխատել, մասնագետը խորհուրդ է տալիս փոխարինել մարտկոցը։

Նշենք, որ հեռախոսների բռնկման դեպքերը բավականին հաճախ են տեղի ունենում։ Վերջերս Redmi Note 10 Pro սմարթֆոնը քնած տիրոջ կողքին լիցքավորվելիս հրդեհվել ու հալվել էր։ Մեկ այլ քաղաքացու դեպքում վերջերս գնված Redmi Note 12 Pro սմարթֆոնը բռնկվել էր նրա ծոցագրպանում, երբ նա աշխատելիս էր եղել դաշտում։ Վերջերս պայթել էր նաև OnePlus 8 Pro սմարթֆոն, ընդորում՝ այն ժամանակ, երբ հեռախոսը ո՛չ օգտագործվում էր, ո՛չ էլ լիցքավորվում։ Մեկ այլ դեպք էր գրանցվել ԱՄՆ-ում, երբ բռնկվել էր լիցքավորվող iPhone 4-ը։

Կան, սակայն, ավելի ողբերգական դեպքեր. օրինակ՝ Հնդկաստանում Redmi Note 5 Pro-ի մարտկոցի պայթյունից այս տարի 8-ամյա աղջիկ է մահացել։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մարտկոցը պայթել է գերտաքացման հետևանքով, թեև հեռախոսն այդ պահին լիցքավորվելիս չէր եղել։

Սմարթֆոնների պայթելու պատճառների մասին ավելին իմացեք NEWS.am Tech-ի նյութում։

Կիսվել սոց․ ցանցերում