Կարեն Կարապետյանը գրում է ․
1991 թվականին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, ինչը 88-ից սկսված շարժման ավարտն էր (առաջին ցույցերը եղան 87-ի աշնանը, սակայն դրանք ավելի շատ բնապահպանական ուղղվածություն ունեին․ այսօր երիտասարդներից քչերն են երևի լսել «Աբովյանին մաքուր օդ» կոչերը)։
Չկար որևէ երաշխիք, որ անկախության պայքարի ընթացքում և հռչակումից հետո Հայաստանը կկարողանար խուսափել ներքին մասշտաբային զինված բախումներից, ինչից չկարողացավ խուսափել Ռուսաստանը 90-ին, իսկ Վրաստանում և Ադրբեջանում առհասարակ սկսվեց քաղաքացիական պատերազմ։
Եվ ահա, Հայաստանին հաջողվեց այդ ամենից խուսափել բացառապես մարդկային գործոնի, քաղաքական ճիշտ ղեկավարման արդյունքում։ Այդ տարիներին, լինելով դեռևս չափազանց երիտասարդ, այնուամենայնիվ, ինձ բախտ վիճակվեց տարիքիս համապատասխան մասնակցություն ունենալ այդ գործընթացներին, ինչի շնորհիվ ծանոթացա «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ, հետագայում բավականին հաճախ շփվում էի Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գևորգյանի և Սամսոն Ղազարյանի հետ։ Իմ հասակակիցներից ոչ բոլորին է հաջողվել շփվել ու ջերմ հարաբերություններ ունենալ այն մարդկանց հետ, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության հիմնադիրները։ Անկախ կյանքի հետագա ընթացքից՝ նրանցից յուրաքանչյուրը նպաստեց իմ քաղաքական հայացքների ձևավորմանը և գաղափարական լիցք հաղորդեց իմ այդ տարիներին։ Նրանցից յուրաքանչյուրին համարում եմ իմ քաղաքական ուսուցիչը։ Սա իմ կենսագրությունն է, ու վայ էն մարդուն, որը կհրաժարվի իր կենսագրությունից։
Այսօր պատմություն դարձավ նաև Բաբկեն Արարքցյանը, պատմություն, որի կերտողն էր հենց ինքը։ Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, պարո՛ն Արարքցյան։
