Հայաստան վերադարձած գեր իներն այսօր չեն հարցաքննվի, բուժզննումից հետո կուղևորվեն տուն

Ադրբեջանական գերությունից այսօր վերադարձած զինծառայողները, որոնց գերակշիռ մասը Շիրակի մարզից են, մոտ երկու ժամից մարզպետի և իրենց ընտանիքների անդամների հետ կուղևորվեն տուն:

Այս մասին «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որը եկել էր դիմավորելու գերությունից վերադարձած  զինծառայողներին:

Նա հայտնեց, որ տղաներն այս պահին բուժզննում են անցնում, դրանից հետո հարցաքննություն չի լինելու, ինչպես սովորաբար եղել է նախկինում: Տղաները բժշկական հետազոտություն անցնելուց հետո տուն են գնալու:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:

Ինչպես հայտնել ենք, 2020-2023 թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողները և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայողն արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ղազախ-Իջևան սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը 6 օր առաջ համատեղ հայտարարություն էին տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ, Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի գերիների:

Կիսվել սոց․ ցանցերում