Սեպտեմբերի 17-ին կկայանան Երևանի ավագանու հերթական ընտրությունները։ Քաղաքային իշխանություն ձևավորելու համար հայտ են ներկայացրել 13 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք։ Եվ չնայած հայտ ներկայացրած մեծաքանակ ուժերին՝ իշխանության թեկնածուն շարունակում է մնալ ֆավորիտ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի 181 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ցուցակում երկրորդը արտակարգ իրավիճակների (-խմբ. ներառվել է ՆԳՆ կազմում և դարձել Փրկարար ծառայություն) նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն է, իսկ երրորդը «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը։
ՔՊ ցուցակում չորրորդը Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանն է, հինգերորդը՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Ցուցակում երկրորդ կինը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն է, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը 7-րդն է։ 8-րդը ավագանու անդամ, երաժիշտ Արթուր Իսպիրյանն է, 9-րդը՝ ավագանու անդամ Դիանա Քերոբյանը։ Իշխանության ցուցակի 10-նյակը եզրափակում է երգիչ, երգահան, ջազմեն Վահագն Հայրապետյանը։ Մշակութային ոլորտից ցուցակում տեղ է գտել նաև դերասանուհի Տաթև Հովակիմյանը (12)։ 16-րդն էլ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն է։
Իշխանության ցուցակում 22-րդ համարից մինչև 38-րդ համարն ընկած հատվածում ներառված են Երևանի վարչական շրջանների ղեկավարները՝ Արամ Ազատյան (22), Կամսար Բաբինյան (23), Հակոբ Բալայան (25), Բարխուդարյան Արման (26), Գասպարյան Անդրանիկ (28), Վահե Հակոբյան (29), Ռոման Համբարձումյան (31), Արտակ Հովակիմյան (32), Սամվել Ղուկասյան (34), Ռազմիկ Մկրտչյան (35), Արմեն Մհերյան (37), Միքայել Օհանջանյան (38)։
«Իմ քայլը» խմբակցության ավագանու կազմի առավել ակտիվ մասը ևս ներառված է ցուցակում՝ Մարատ Թոխյան (13), Հայկ Միրզոյան (14), Արման Հարությունյան (19), Լուսինե Գևորգյան (24), Աշոտ Սարգսյան (44), Լևոն Զաքարյան (52), Արմեն Կոտոլյան (53), Արմեն Ղալեչյան (59), Վազգեն Դարբինյան (61), Արմեն Սարգսյան (62), Վազգեն Մանուկյան (73) և այլ թեկնածուներ։
Ցուցակում տեղ են գտել նաև երիտասարդ կուսակցականներ Լուսինե Դայանը (33), Չալիկյան Զինան (39), Լևոն Լևոնյանը (40), Միքայել Խաչատրյանը (41)։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում են նաև Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, Երևանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը, աշխատակազմի Սպորտի և երիտասարդության վարչության պետ Արսեն Մակվեցյանը և այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և կավարտվի սեպտեմբերի 15-ին։