«Պերցովկա» է օգտագործել, մեզ գցել կրակը․ ինչ է իրականում տեղի ունեցել Մուսալեռի դպրոցում, պարզաբանում է տնօրենը

Արմավիրի մարզի Մուսալեռ բնակավայրի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սֆարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել դպրոցում այսօր տեղի ունեցած դեպքից։

Ըստ նրա՝ հերքվել է տեղեկությունը, թե դպրոցում գազի արտահոսք է եղել, պատճառը երեխաներից մեկի կողմից դպրոցում, այսպես կոչված, «պերցովկա»-ի է օգտագործումն է (ինքնապաշտպանության համար նախատեսված գազի բալոն):

«Առաջին անգամ եմ այսօր այդ բառը լսել։ Երեխան էլ դա գտել է Երևանի փողոցներից մեկից, այսօր էլ հետը բերել դպրոց, մեզ գցել այս կրակի մեջ։ Լավ է, որ պարզվեց, ոստիկանների շնորհիվ երեխան խոստովանանք գրեց»,- ասաց նա։

«Պերցովկա» օգտագործած տղան 10-րդ դասարանից է, փչել է դա 2-րդ և 3-րդ դասարաններ տանող աստիճանների մոտակայքում, դպրոցի պատուհաններից փոքր քամի է եղել, որն էլ այն տարածել է հարկերով։

«Մենակ կանգնած է եղել, չգիտեմ՝ խելքն ինչ է փչել, որ անի։ Մենք մի աղջիկ ունեինք, որը սրտի խնդիրներ ունի, երեխեքը սկսեցին հազալ, հիմա էլ գրիպի սեզոն է, ես սկսեցի տարհանել, Շտապօգնություն կանչեցի, պարզվեց՝ այդ «պերցովկան» քիթ-կոկորդը գրգռելու հատկություն ունի։ 6 երեխա տեղափոխեցինք Շտապօգնության միջոցով, երեքը անմիջապես են դուրս գրվել։ Երեխայի արարքից տուժել է նաև նրա քույրը։ Լավ տղա է, լավ էլ սովորում է, չէինք սպասում նման բան»,- հավելեց ուսումնական հաստատության ղեկավարը:

Ավելի վաղ Փարաքար համայնքի փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ, ըստ նախնական վարկածի, գազի արտահոսք է եղել:

Կիսվել սոց․ ցանցերում