Մուսալեռ գյուղի դպրոցում արցունքաբեր գազ փորձարկած 15-ամյա պատանին ներկայացվել է ոստիկանության բաժին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Մուսալեռի վարչական տարածքում: Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխա տեղափոխվել էր մի մասը «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասն էլ՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է հետևյալը.

«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:15-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Մուսալեռ գյուղի դպրոցի ութ աշակերտ:

Ժամը 13.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Մուրացան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էին ընդունվել նույն դպրոցի երկու աշակերտ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 11.50-ի սահմաններում նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

15-ամյա պատանին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է արցունքաբեր գազի բալոնը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին»:

Կիսվել սոց․ ցանցերում