Վատագույն կանխատեսումը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի կորստին. երեկ տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրքի շնորհանդեսը
Հատկապես արցախյան երկրորդ պատերազմից հետո վաղամեռիկ քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հոդվածները, կանխատեսումները վերստին կարդալու եւ վերարժեւորելու անհրաժեշտություն առաջացավ: «Newmag » հրատարակչությունը վերահրատարակել է Տիգրանի` նախկինում հրատարակված ժողովածուներից չորս հատոր, հինգերորդը լույս կտեսնի առաջիկայում: Տիգրանը 90-ականներին մամուլում հրապարակված իր բազմաթիվ հոդվածների միջոցով ահազանգում էր նորանկախ Հայաստանի իշխանությունների սխալների, բացթողումների մասին, կանխատեսում, թե ինչ ծանր հետեւանքների կարող են հասցնել դրանք, առաջարկում ելքեր: Նրա բազմաթիվ կանխատեսումներ, ցավոք, այսօր իրականություն են դարձել: Երեկ Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գրքի շնորհանդեսն էր, որում ամփոփված են Հայաստանին եւ Արցախին վերաբերող տարբեր հոդվածներ: «Անապատի հազար տարի »-ն առաջին անգամ լույս է տեսել 2003թ., երբ Հայաստանում հերթական անգամ տեղի էին ունենում ՀՀ նախագահի ընտրություններ, իշխանություն-ընդդիմություն առճակատման հերթական փուլն էր, քանի որ կեղծվել էին ընտրությունները: Եվ եթե այն ժամանակ Տիգրանին քչերն էին կարդում կամ փորձում հասկանալ, ապա այսօր նրա ընթերցողների թիվը զգալիորեն ընդլայնվել է. նրա հոդվածները կարդում եւ ուսումնասիրում են «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում, տարբեր բուհերի քաղաքագիտություն, հումանիտար գիտություններ ուսումնասիրող ուսանողները: Տիգրան Հայրապետյանի կինը`գրքի խմբագիր, արվեստաբանության դոկտոր Նազենի Ղարիբյանը նշեց, որ գիրքը կազմելիս հաշվի են առել եւ’ թեմատիկ, եւ’ ժամանակագրական առումով մեր պետականության կառուցման խնդիրներին վերաբերող հոդվածները: Տիգրանն այդ հոդվածներում առաջարկել է, թե ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի չդառնա հետգաղութային երկիր: Որպես վատթարագույն ճանապարհ` նա նշում էր Լեռնային Ղարաբաղի կորուստը: Հայաստանի արեւելագետների միության նախագահ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արսեն Գասպարյանը կարծիք հայտնեց, որ հասարակական գիտությունների մասնագետները անդրադառնալու են Տիգրանի հոդվածներին, սոցիոլոգներն ու կրոնագետները վերլուծելու են դրանք, քանի որ ժամանակին նա կանխատեսել է մի շարք առանցքային իրադարձություններ, մասնավորապես` Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը: Արսեն Գասպարյանն անդրադարձավ 1998թ. իշխանափոխությունից հետո Տիգրանի գրած «Արքայադավը երբեք արքա չի դառնա » հոդվածին, որում նա նկատի ուներ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանին եւ զգուշացնում էր վերահաս աղետի մասին: Արսեն Գասպարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արցախի կորուստը, տեղի ունեցածը Հայաստանում վատ կրթության հետեւանքն է, որին երեսուն տարի ուշադրություն չի դարձվել: Մինչդեռ` ժամանակին Տիգրանը քանիցս բարձրաձայնել է Հայաստանում քաղաքագիտական մտքի կենտրոն ստեղծելու անհրաժեշտության մասին: Տիգրանի ընկեր, արեւելագետ Արտակ Ապիտոնյանն էլ հիշեց, որ Տիգրանի հետ շատերը խուսափում էին բանավիճել, եւ այսօր կարեւոր խնդիր է բանավեճի մշակույթի ներդրումը: Պետք է Արցախի թեմայի շուրջ բանավեճ ծավալվի Հայաստանում եւ սփյուռքում: Հիշեցնենք, որ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը ավտովթարի զոհ է դարձել 1999թ. 35 տարեկան հասակում:
