Ահա Կովկասն իմ ոտքի տա՞կ

2001թ. հունվարի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում էր, կողմերն ստորագրեցին Հռչակագիր, որի հրապարակային մասում արձանագրված է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, ընդգծված է, որ տարածաշրջանի նորմալ զարգացմանը խոչընդոտում են չկարգավորված հակամարտությունները: 2008թ. օգոստոսին Ռուսաստանը Վրաստանի դեմ հնգօրյա պատերազմով «վերջնականապես լուծեց» վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսեթական հակամարտությունը:

Երկու տասնամյակ անց Ադրբեջանը եւ Թուրքիան ստորագրեցին Շուշիի հռչակագիրը: 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ահաբեկչական պատերազմ սկսեց, իրականացրեց էթնիկ զտումներ եւ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերջնականապես լուծված է: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումներից երեք ամիս անց Վրաստանը պաշտոնապես Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ:

Բաքվում անդրադարձել են Եվրամիությանը Վրաստանին անդամակցելու հեռանկարին: Վերլուծականներից մեկն այս խորագիրն է ունի. «Մոսկվայի հետ լավ է, Եվրամիության հետ՝ գերազանց»: Ըստ երեւույթին, սա ներադրբեջանական քննարկումների նրբաքողարկված վկայություն է: Իր էներգետիկ ռեսուրսներով, կոմունիկացիոն եւ լոգիստիկ հնարավորություններով Ադրբեջանը Եվրամիության համար ավելի ազդեցիկ եւ բոլոր առումներով գրավիչ է, քան՝ Վրաստանը եւ, մանավանդ, Հայաստանը:
Բայց Ադրբեջանը Ռուսաստանի հետ կապված է Բաքվի եւ 2022թ. փետրվարի 22-ի Մոսկվայի Հռչակագրով: Թուրքիայից կախվածության եւ պարտավորությունների մասին ավելորդ է խոսել: Հայ-ռուսական սառնությունն, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան Բաքվին իր ազդեցության տիրույթում պահելու Մոսկվայի ռազմավարական շահերից բխող ծրագրի մաս: Լեռնային Ղարաբաղը կլանելուց հետո Ալիեւը պաուզա է պահում: Հայաստանի դեմ հետագա ոտնձգությունները կարող են լրջագույն խնդիրներ ստեղծել, մինչդեռ Ռուսաստանի խնդիրը, կարծես, այն է, որպեսզի Հայաստանն ընդունի, որ միայն Մոսկվան կարող է զսպել Ադրբեջանի էքսպանսիան:

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Վրաստանի ռազմական համագործակցությունը մեծ հաշվով, կարծես, սիմվոլիկ է եւ առաջին հերթին ազդակ է Ռուսաստանին: Շուշիի հռչակագիրն ադրբեջանցի փորձագետները նույնպես այդ կտրվածքով են դիտարկում՝ որ Բաքուն իրեն ապահովագրել է Ռուսաստանի հավանական ճնշումներից: Ուկրաինական ճակատի էքզիստենցիալ նշանակությունը ոչ միայն Արեւելյան Եվրոպայի, այլեւ Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի ապագայի իմաստ ունի: Կովկասում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հաշտությայն Արեւմուտքի միջնորդության դեմ Մոսկվայի սկզբունքային անհամաձայնության պատճառը հենց այստեղ է:

Ֆորմալ առումով Ալիեւը մերժում է «արտատարածաշրջանային դերակատարների» միջնորդությունը: Բայց որքանո՞վ է դա արտաքին քաղաքական ընտրություն՝ դեռ հարց է: Իսկ ավելի սկզբունքային է Թուրքիայի պարագան: Անկարան Բաքվին ուղղորդում է դեպի Մոսկվա՞, թե Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում առաջարկում ա՞յլ ընտրություն: Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ F-16 կործանիչներ ձեռք բերելու եւ ունեցածն արդիականացնելու հարցով ԱՄՆ հետ «տեխնիկական բանակցություններն ավարտված են»: Անկարան սպասում է Վաշինգտոնի քաղաքական որոշմանը:

Այդ մասին նա խոսել է մի իրավիճակում, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը բացահայտել է, որ Թուրքիա մեկնելու մտադրություն է ունեցել, խանգարել է Էրդողանի աշխատանքային խիտ գրաֆիկը: Պուտինը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահի հետ կհանդիպի եկող տարեսկզբին: Ադրբեջանական որոշ աղբյուրներ ակնարկում են, որ ԱՄՆ-ը մինչեւ եկող հունվարի վերջ Ալիեւին «ժամկետ է սահմանել, որպեսզի արտգործնախարար Բայրամովին Վաշինգտոն՝ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների գործուղի»: Հաշտության եւ համագործակցության փոխարեն կարող ենք ստանալ կովկասյան «դրամա»:

Կիսվել սոց․ ցանցերում