Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն որևէ կերպ կցանկանա մաս կազմել էթնիկ զտումների քաղաքականությանը. Արարատ Միրզոյան

Ի՞նչ ուղերձով է Բելգիայի ԱԳ նախարարը Հայաստանից հետո այցելելու Ադրբեջան:

Այս մասին այսօր Բելգիայի և ՀՀ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բելգիայի ԱԳ նախարարից հետաքրքրվեցին լրագրողները:

Հաջա Լահբիբին, արձագանքելով հարցին, ասաց. «Մենք նույն ելույթն ենք ունենալու, նույն դիրքորոշումն է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։ Մեզ համար կարևոր է, որ այս հումանիտար իրավիճակը բարելավվի, և ԼՂ-ում բնակվող հայ բնակչության կյանքի պայմանները բարելավվեն։ Կոչ ենք անում թե՛ ՀՀ-ին և թե՛ Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղան։ Ողջունում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը, որը հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հորդորում ենք Ադրբեջանի ամենաբարձր իշխանությանը նույն կերպ վարվել»:

Ըստ նրա՝ այս պահին տարբեր ֆորմատներ են ընդգրկված բանակցություններում, ամենաբարձր մակարդակով բանակցությունները չեն պակասում, պակասում է դրանք տեղում օգտագործելու կամքը․ «Մենք ընդգծել ենք փորձագետների անհրաժեշտության ներգրավվածությունը, որոնք կկարողանան վերջ տալ թշնամանքին երկու ժողովուրդների միջև և իրական հաշտեցման ու վստահության հնարավորություն կտան, որպեսզի երկու ժողովուրդները խաղաղության մեջ ապրեն։ Որպես բելգիացի, ԵՄ ակտիվ անդամ, շուտով նաև ԵՄ խորհրդի ապագա նախագահող՝ մենք ամրապնդելու և ակտիվացնելու ենք մեր մասնակցությունը տեղի ունեցող բոլոր գործընթացներին»։

Մեկ այլ հարցի էլ անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով, թե, ըստ մամուլի հրապարակումների, ԱՄՆ-ն խոչընդոտում է ՄԱԿ ԱԽ նիստի բանաձևի ընդունումը, և որքանո՞վ է ՀՀ-ի համար ընդունելի Աղդամի այլընտրանքային ճանապարհը։

«ՀՀ-ն մշտապես ողջունել է և առաջարկել որևէ չեզոք հանձնաժողովի առաքելություն ուղարկել ԼՂ, միջազգային հանրության համար չեզոք, անկախ կարծիք տրամադրելու համար, բայց նաև նոր ջանքեր գործադրելու՝ խաղաղության և երկարատև խաղաղության կայունության հաստատման համար։ ՀՀ-ի պահանջով իրականացված հրատապ նիստը հրապարակային էր, և ամբողջ աշխարհը հնարավորություն ուներ լսելու բոլոր անդամ երկրների ու հրավիրյալների դիրքորոշումները, այդ թվում՝ ԱՄՆ դիրքորոշումը։ Ես չեմ կարծում (քանի որ մենք խոսում ենք ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մասին), որ ԱՄՆ-ն որևէ կերպ կցանկանա մաս կազմել էթնիկ զտումների քաղաքականության: ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը և գիտակցում, որ ՄԱԿ ԱԽ բանաձևը կօգնի վերջ տալ հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին»,- ասաց Միրզոյանը:

Կիսվել սոց․ ցանցերում