«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նորատուսցի ձկնորսների արարքն ընդդեմ Ջրային պարեկների համարում է հակաօրինական, որակում՝ անհասկանալի։ Նրա կարծիքով՝ ձկնորսներն էլ գուցե չեն գիտակցել, թե ինչ քայլի են դիմում և այդ քայլից հետո ինչպես են պատասխան տալու պետության ու օրենքի առջև։
«Կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք պետության վրա ձեռք են բարձրացնում, իսկ այս պարագայում պետությունը ոստիկանությունն էր, իր օրենքն ու իրավակարգը, ապա պետք է խստորեն պատժվեն։ Չկան արտոնյալներ, չգիտեմ՝ իրենք գիտակցել են, թե ինչ են արել, բայց դա բոլորին է վերաբերում, որ բոլոր մակարդակներում չկան առանձնացված մարդիկ։ Օրենքը հավասարության մասին է, հավասարությունն էլ վերաբերում է բոլոր խավերին՝ հարուստ, աղքատ, սարում, ձորում կամ լճի մոտ ապրողները, նրանք պետք է օրենքի առաջ հավասար լինեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Պապոյանն ընդգծում է՝ ձկնորսները պետք է հասկանան, որ ձկնապաշտպանությունը Սևանում նաև իրենց համար է, որ հետագայում նույնպես հնարավորություն ունենան լճում ձուկ որսալու: Շարունակելու դեպքում երկու տարի հետո այլևս չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը․ «Ես երբեք ձուկ չեմ որսացել Սևանից, երևանցիները, շիրակցիները նրանք ևս չեն որսացել։ Որսում են միայն Գեղարքունիքի մարզի բնակիչները, և եթե պետությունն այսօր այդ պրոցեսը չվերահսկի, երկու տարի հետո ձկնորսության վերջը կտան։ Պետությունը հիմա ասում է՝ այնքան որսացեք, որ հետո էլի որսաք, ոչ թե ընկնելով ձեր շահի ու շահույթի հետևից՝ պետությանն ու հասարակությանը կանգնեցնեք աղետի առջև»։
Պատգամավորը վտանգավոր է համարում «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ ձկնորսության ավարտը կհանգեցնի ընդհանուր փոփոխությունների, այդ թվում՝ վտանգի տակ կլինի նաև լիճը։
Ինչ վերբերում է Գեղարքունիքի մարզում պարեկների իրականացրած օպերացիային, վերջինս նշում է, որ նրանք կատարել են իրենց պարտականությունները. պաշտպանել են իրավահամակարգը, հասարակության շահը, ձկնապաշտպանությունը։ Վերջինս նկատում է՝ աշխարհի բոլոր իրավական երկրներում էլ նման դրսևորումը առկա է, երբ հասարակության որոշ հատվածներ հարգում են իրավապահ համակարգը, որոշները՝ ոչ, մի մասն էլ վախենում է այդ համակարգից:
«Ամեն միջավայրում էլ հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, բայց դա չհաջողվեց։ Համոզված եմ՝ Նորատուսցիների ու Կառավարության համատեղ աշխատանքներով օրինական լուծում կձևավորվի։ Մարդիկ, որոնք ոչ քաղաքակիրթ վարքագիծ են դրսևորում, չեն կարող բնորոշել դա ամբողջ ժողովրդին, այդ թվում՝ մեր սիրելի նորատուսցիներին։ Պետությունը պետք է ցույց տա երկրի ուժը, և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Եթե այսօր պարեկներին ծեծեն, վաղը սովորական քաղաքացու կարող են փողոցում ծեծել, պարեկն էլ է ՀՀ քաղաքացի, կին ունի, զավակ կամ ամուսին»։
ԱԺ պատգամավորն այս հարցի լուծումն ու հետագա նման դեպքերը կանխարգելելու համար տեսնում է աշխատանք երկու մակարդակներում․ պետությունը պետք է ուժեղ դիրքերից հանդես գա, մարդկանց բացատրելու աշխատանքներ տանի։
