Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Այն ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին:
Արձանագրությունը ԱԺ նիստում ներկայացրել է Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ նշելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է դինամիկ կերպով, առկա է ընդգրկուն երկկողմ օրակարգ: Միացյալ Էմիրությունները տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրային գործընկերն է:
«ԱՄԷ քաղաքների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը ծառայում է նաև որպես տարանցիկ ուղի ՀՀ քաղաքացիների համար՝ Մերձավոր և Միջին Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի տարբեր ուղղություններով ճամփորդելու համար:
Յուրաքանչյուր շաբաթ մոտ 30 թռիչք է լինում Հայաստանից Էմիրությունների տարբեր քաղաքներ:
Արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրների՝ 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել իրենց համապատասխան երկրների տարածքով՝ առանց մուտքի արտոնագրի և վճարի: Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում երկու երկրների վավերացման դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը: Նշված անձնագրեր ունեցող կողմերի քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս կողմի երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով»,- ասել է Վահան Կոստանյանը:
Ըստ փոխնախարարի, եթե խորհրդարանի կողմից հավանություն ստանալուց հետո արձանագրությունն ավտոմատ կերպով միանգամից ուժի մեջ չմտնի,քաղաքացիները պետք է սպասեն, մինչև կավարտվի ներպետական ընթացակարգը: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, ԱԳՆ-ն հանրային կերպով կհայտարարի, որ քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճամփորդել:
