Էրդողшնը հետ է կանգնում. Պпւտինի հետ հանդիպման անորոշ հեռանկարը

Դեռ հայտնի չէ, թե որքան կտևի Թուրքիայի խորհրդարանում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամության դիմումի քննարկումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, Հունգարիայից իր վերադարձի ճանապարհին: Էրդողանը հայտարարել է, թե առաջին հերթին Շվեդիան պետք է պաշտպանի մահմեդական արժեքները ոտնձգություններից: Էրդողանն իհարկե նկատի ունի Ղուրանի այրման շարունակվող դեպքերը, որոնք Անկարայի համար առիթ են Շվեդիայի անդամության հարցում ՆԱՏՕ հուլիսյան Վեհաժողովին ընդառաջ տված իր որոշակի խոստումներից խուսանավելու համար: Էրդողանը Վեհաժողովի շեմին հայտարարել էր, որ կուղարկի Շվեդիայի անդամության արձանագրությունը խորհրդարան՝ վավերացման, և կփորձի նպաստել խորհրդարանում վավերացմանը:

Բայց, այժմ նա հայտարարում է, որ հայտնի չէ, թե որքան կտևի քննարկումները հանձնաժողովներում, հետո խորհրդարանում, որը իր աշխատանքը սկսելու է միայն աշնանը: Էրդողանը նաև խոսել է Ղուրանի այրման դեպքերի մասին, որոնք Շվեդիան համենայն դեպս առայժմ չի կանխում, և թերևս չի էլ կարող կանխել, քանի որ դրա համար ստիպված է լինելու հետ կանգնել այն արժեքներից, որոնք ինքն է հռչակել մարդու ազատության և իրավունքի համատեքստում: Էրդողանի այդ դիրքորոշումը իհարկե ուշադրության է արժանի ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման նրա ցանկության ֆոնին: Այդ հանդիպման շուրջ առ այսօր անորոշություն է, թեև թվում էր, թե օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Պուտինի Անկարա այցի վերաբերյալ պայմանավորվածությունը կայացած է: Ռուսական պաշտոնական ՏԱՍՍ գործակալությունը հղում անելով Անկարայի իր դիվանագիտական աղբյուրին հրապարակել էր տեղեկություն, թե հանդիպումը հաստատ չէ, կողմերը չեն գալիս համաձայնության, հայտնի չէ, թե հատկապես որտեղ կլինի հանդիպումը՝ Էրդողանը պետք է այցելի Մոսկվա, թե՞ Պուտինն Անկարա: Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում Մոսկվա կայցելի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը:

Ըստ ամենայնի, հենց այդ այցի ընթացքում կլինի վերջնական որոշում: Բայց, ակնառու է, որ Մոսկվան ու Անկարան դրան գալիս են բավականին դժվար, և նկատելի է, որ հիմնական չհամաձայնողը Մոսկվան է, որը պատրաստակամ չի արձագանքում հանդիպման ցանկությունը պարբերաբար կրկնող Էրդողանին: Ըստ ամենայնի, Շվեդիայի հարցում «հետ կանգնելու» էրդողանյան ակնարկը ազդակ էր դեպի Մոսկվա, որի համար Շվեդիան ռազմավարական խնդիր է, ավելին, քան Ֆինլանդիայի անդամակցությունը, քանի որ Շվեդիան ըստ էության Բալթիկ ծովի «բերանն» է և Ստոկհոլմի անդամակցումը ռազմավարական իմաստով այդ բերանը Ռուսաստանի համար վերածում է ՆԱՏՕ «երախի»: Իհարկե Մոսկվայի և Անկարայի միջև օրակարգը ամենևին չի սահմանափակվում դրանով: Հացահատիկային գործարքի և գազային հանգույցի վերաբերյալ հարցերը բարձրաձայնվում են բաց տեքստով: Թուրքիան այդ հարցերում թերևս ինչ որ բան կստանա Շվեդիայի հարցում Մոսկվայի ակնկալիքքը լիարժեք բավարարելու դիմաց: Սակայն հարց է նաև, թե արդյո՞ք Կրեմլը կբավարարվի միայն Շվեդիայի հարցում ունեցած ակնկալիքով, թե՞ կլինեն հարցեր մասնավորապես նաև Կովկասում իրավիճակի և դրա կայունությունն ապահովելու հարցում, որտեղ Թուրքիան Ռուսաստանի հիմնական գործընկերն է:

Ի դեպ, այդ իմաստով թերևս կարող է համեմատաբար բարվոք սխեմա լինել, եթե Կովկասի կայունությունը պահելու հարցում ռուս-թուրքական քննարկումները Անկարայի գործընկերության գին դիտարկեն Կովկասից «դուրս» հարցեր: Դա էապես կնվազեցնի հայկական շահերի հաշվին կայունության շուրջ պայմանավորվածությունների ռիսկը, միաժամանակ նաև նվազեցնելով կամ չեզոքացբելով լարվածության բռնկման այն ռիսկերը, որ նկատելի են Բաքվի՝ վերջին շրջանի վարքագծի դրսևորումներում, ինչն անշուշտ պաայմանավորված է առաջին հերթին ռուս-թուրքական անորոշություններով: Առավել ևս, որ այդ անորոշությունները իրենց հերթին Արևմուտքի համար Ռուսաստանի հանդեպ ճնշման գործիք են, նկատի ունենալով հատկապես այն «տեղապտույտը», որում առայժմ հայտնվել է Արևմուտքի ինտենսիվ մատակարարումներով նախապատրաաստված ուկրաինական հակահարձակումը:

Կիսվել սոց․ ցանցերում