Խորհրդատուների ինստիտուտ է ներդրվել, այդ մարդկանց մասնագիտական կարծիքը դարձնում ենք մեր օրակարգը. Ավինյան

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում քննարկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին որոշման նախագիծը։

«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանն ասաց՝ տպավորություն է, որ հաստիքացուցակը կրճատվում է, բայց 787 աշխատակցից դառնում է 812։

Ըստ նրա, երբ կատարվում է կառուցվածքային բարեփոխում, պետք է թվաքանակն իջնի, գործառույթները վերաբաշխվեն։

Արձագանքելով դիտարկմանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ ներդրվել է խորհրդատուների ինստիտուտ:

«Մենք ունենք 5 ճարտարապետ՝ խորհրդատուների տրամաբանությամբ, որոնք ամեն չորեքշաբթի 9։30 ինձ և համապատասխան վարչությունների հետ իրականացնում են նիստեր, և այդ մարդկանց մասնագիտական կարծիքը դարձնում ենք մեր օրակարգը։ Այդ բոլոր հարցերը, որ վերաբերում են շինարարությանը, ճարտարապետահատակագծային առաջադրանքներին, շինթույլտվություններին, այդ ֆիլտրով են անցնում։ Մենք ունենք պլանավորված գեղագիտական խորհուրդ։ Այսինքն, մասնագիտական խմբեր են ստեղծվում։ Հիմնական հաստիքացուցակի ավելացումն այդ հիմնավորումն ունի, բայց մնացած բոլոր տեղերում կտեսնեք կրճատում»,- նշեց նա:

Կիսվել սոց․ ցանցերում