Այս ոլորտը, ի թիվս այլ բաների, ճշգրիտ ցուցիչ է, որ արդեն 30 տարի Հայաստանը գլուխ չի հանում ժամանակակից աշխարհից

Մշակութաբան Հրաչ Բայադյանը գրում է.
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և մասնավորապես Հայաստանում այդ ոլորտի խնդիրների մասին սկսեցի պարբերաբար գրել 2000-ականների սկզբին, բայց 10-12 տարի անց վերջնականապես հիասթափվեցի և կորցրի հետաքրքրությունս դրա նկատմամբ: Ոլորտն այդ ժամանակ արդեն հայտարարվել էր երկրի տնտեսության գերակա ճյուղ և մինչև օրս շարունակում է վայելել այդ արտոնությունը: Գլխավոր խնդիրներից էին, օրինակ, ոլորտի զարգացման և տնտեսության ու սոցիալական կյանքում այդ տեխնոլոգիաների ներդրման ռազմավարության, Տեղեկատվական հասարակության կառուցման ազգային ծրագրի մշակումը և այլն: Նման փաստաթղթեր հիմա էլ չկան:
Մի քիչ առաջ լսում էի հարցազրույց «ոլորտի մասնագետի» հետ: Գրեթե նույն բառապաշարն է, ինչ 20 տարի առաջ /Ի միջի այլոց, մի շրջան Հայաստանում ՏՏ ոլորտի փայլուն հեռանկարների մասին պատմող գլխավոր հռետորը արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն էր՝ պետք էր բարձրացնել Քոչարյանի ռեյտինգը: Հիմա բարեբախտաբար նա այդ թեմաներով խորհուրդներ չի տալիս, և ոչ մեկն էլ նրան չի հարցնում, թե ինչու էր խոսում չիմացած բաների մասին և սին հույսերով սնում միամիտ հասարակությանը:/ Կան փոփոխություններ՝ Հայաստանը ահա-ահա պատրաստվում է դառնալ ոչ թե տարածաշրջանի «Սիլիկոնային հովիտը», այլ «Սիլիկոնային լեռները»: Մեծ առաջընթաց 20 տարվա համար:
Լրագրողի հարցին, թե ինչ է տվել այս գերակա ճյուղը Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերին, ոլորտի ներկայացուցիչը պատասխան չունի, բացի անորոշ խոստումներից:
Այս ոլորտը, ի թիվս այլ բաների, ճշգրիտ ցուցիչ է, որ արդեն 30 տարի Հայաստանը գլուխ չի հանում ժամանակակից աշխարհից: Ցավալի, բայց անհերքելի փաստ:
Կիսվել սոց․ ցանցերում