Որքան հետեւել եմ` քննարկման թեման ուղերձն է

Հա մտածում էի` չգրեմ, կամ ոնց գրեմ այս նուրբ թեմայի մասին, որ անցած օրերին բուռն քննարկման թեմա է դարձել ՖԲ-ում: Կաթողիկոսի ամանօրյա ուղերձն առաջին անգամ չեն հեռարձակել Հանրային հեռուստատեսության եթերով: Իշխանության կողմնակիցները դա համարում են արդարացի, փաստեր են բերում, կաթողիկոսի անձն են քննարկում, ընդդիմախոսները պաշտպանում են նրան, տարածում ուղերձը, դատափետում իշխանություններին: Որքան հետեւել եմ` քննարկման թեման ուղերձն է: Ոչ ոք չի հարցնում, չի փորձում իմանալ, թե անցած երեք տարիների ընթացքում կաթողիկոսն ու Հայ առաքելական եկեղեցու սպասավորները (հատուկենտ բացառությունները` չհաշված) ինչով են կարողացել նեցուկ լինել 44-օրյա պատերազմի ժամանակ հարազատներ կորցրած, վերջին ամիսներին հայրենազրկված, տուն, տեղ, հարազատներ կորցրած մեր հայրենակիցներին, քանի անգամ են այցելել նրանց, փորձել սփոփել: Ծնողների գիտեմ, որ իրենց միակ որդուն պատերազմում կորցնելուց եւ դիակը չգտնելուց հետո վշտից խելագարվել են, մայրեր կան, որոնց գուցե մի հոգեւորականի խոսքը կարող է սփոփել, վերստին կյանք վերադարձնել: Չգիտեմ` նրանց այցելող հոգեւորական եղե?լ է, թե? ոչ, մխիթարանքի խոսք ասե?լ են, թե? ոչ: Ցավն այն է, որ նման հարցեր չեն քննարկվում, այլ մի ուղերձ, որը բոլորս էլ լսեցինք, ինչպես ամեն տարի: Ու հիմա մտածում եմ` եթե կաթողիկոսն ու Հայ առաքելական եկեղեցու սպասավորները անցած տարիների ընթացքում տուն առ տուն գնային, փորձեին սփոփել ու նեցուկ լինել մեր որդեկորույս հայրենակիցներին, արդյո?ք որեւէ իշխանություն կհանդգներ թույլ չտալու նրա ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ: Փոխարենը միայն հրավառություններ ենք տեսնում` ականջ սղոցող, աղմուկ-աղաղակ, բովանդակությունը թողած` ձեւն են քննարկում: Մի երկրում, որտեղ նույնիսկ 44-օրյա պատերազմն ու վերջին գաղթն էլ դաս չեն լինում մեծամասնության համար:
Կիսվել սոց․ ցանցերում