Իրանը կպատասխանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը՝ հաշվի առնելով երկու գործոն՝ ժամանակը և պատասխանելու ձևը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է Իրանը հակաահաբեկչական գործողությունների դիմել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
«Մեր ժողովուրդը շատ վշտացած է։ Մենք գտնվում ենք հանրային ճնշման ներքո՝ կտրուկ պատասխանելու հետ կապված։ Բայց չենք ուզում զգացմունքային գործել։ Հաշվի առնելով ժամանակն ու պատասխանելու ձևը, համապատասխան կարձագանքենք։ Ահաբեկիչները չեն կարող վախի մթնոլորտ ստեղծելով՝ մեզ հետ պահել մեր ճանապարհից։ Մենք անպայման կպատժենք մեր թշնամիներին, բայց հաշվի ենք առնելու այդ գործոնները»,- եզրափակել է Հայաստանում Իրանի դեսպանը։
