Գեղարքունիքի մարզում ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ են ընթանում երկու ուղղությամբ

Հունվարի 5-ի առավոտվա ժամերից սկսված ձյան տեղումների եւ բքերի պատճառով Գեղարքունիքի մարզում  դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում եւ Մ-4 միջպետական ճանապարհին՝ Հրազդանից մինչեւ Սեւան-Դիլիջան թունել, որտեղ  ժամը 15-ի դրությամբ դեռ շարունակվում են տեղումները եւ բքերը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից՝ ճանապարհները սպասարկող կազմակերպությունները նշյալ երկու ուղղություններում շարունակում են իրականացնել ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ՝ ապահովելով դրանց անցանելիությունը։

Մնացած ուղղություններում միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները բաց ու անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Կիսվել սոց․ ցանցերում