Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) hրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2023 թվականի աշխարհի առաջնության մասնակից երկների թիմերի նախնական հայտերը:
Արմեն Բաբալարյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում ընգդրկված են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սուրեն Գրիգորյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Այն օլիմպիական վարկանիշային է Փարիզ-2024-ի համար:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:
Աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր կնվաճեն լավագույն հնգյակի ըմբիշները՝ աշխարհի չեմպիոնը, փոխչեմպիոնը, բրոնզե մեդալակիրները եւ 5-րդ տեղը զբաղեցնողը: 5-րդ տեղը որոշվելու է բրոնզե մեդալակիրներին պարտված երկու ըմբիշների առանձին գոտեմարտով: Հաղթողը կնվաճի օլիմպիական ուղեգիր:
Ավելի վաղ UWW-ն հաստատել էր 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը, որոնք տեղի կունենան հաջորդ տարի։ Եվրոպական վարկանիշային մրցաշարը կընդունի Բաքուն (36 ուղեգիր), իսկ համաշխարհային վարկանիշային մրցաշարը՝ Ստամբուլը (54 ուղեգիր)։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ՀԸՖ գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հայտնել էր, որ Բաքվում անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին չմասնակցելու դեպքում իրավունք չի լինի մասնակցել Ստամբուլի վարկանիշային մրցաշարին:
