«Լավ կլինի բոլորս սպասենք, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինները տեղեկատվություն տրամադրեն»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերին:
«Նման դեպքեր, ցավոք, եղել են և, ցավոք, այսօր էլ կան: Տվյալները որպեսզի դառնան փաստական հանգամանքներ, ցանկալի է սպասել և քննության արդյունքների մասին խոսել»,- նշեց նա:
Նախօրեին ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց բանակում երկու զոհի մասին: Հայտնաբերվել էին պայմանագրային Կարեն Արայիկի Կարապետյանի և ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի՝ հրազենային վնասվածքով դիերը: Կարեն Կարապետյանին սպանելու կասկածանքով կալանավորվել է մեկ ժամկետային զինծառայող, իսկ Միքայել Դանիելյանն ինքնասպան է եղել:
