Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ Ադրբեջանում տարվա սկիզբը նախընտրական է, և, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսակցությունները սկսելու են ավելի ակտիվանալ: Սրանով Ադրբեջանի իշխանությունները փորձելու են ներկայանալ հանրությանը:
«Ադրբեջանական կողմը նախագահական ընտրությունների նախաշեմին ներկայանում է իր հանրությանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթով և, ըստ երևույթին, այդ միջանցքը բացելու պատրաստակամությամբ: Նրանք մանդատ են ուզում սեփական ժողովրդից նոր հարձակում նախապատրաստելու և իրականացնելու համար: Այս առումով ՀՀ դիվանագիտությունը կտրականապես պետք է կոշտանա, և մենք պետք է հնարավորինս կարողանանք ատամ ցույց տալ ադրբեջնական կողմին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Հարցադրմանը՝ իսկ արդյոք այս ամենը կարտահայտվի միայն խոսույթի մակարդո՞ւմ, թե՞ գործնական քայլեր էլ կլինեն, քաղաքագետը նկատում է. «Պետք է տեսնենք, թե աշխարհաքաղաքական ինչպիսի զարգացումներ տեղի կունենան, ԱՄՆ-ում ընտրությունները ինչպիսի արդյունքներ կգրանցեն, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը ինչ ընթացք կունենա. եթե աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ ստեղծվեն ՀՀ սուվերեն տարածքից ևս մեկ հատված ճանկելու համար, ապա ադրբեջանական կողմը վստահաբար կգնա դրան, և մենք պետք է այս սցենարին ևս պատրաստ լինենք»:
Միաժամանակ Մկրտչյանն ընդգծում է՝ հայկական բանակն ունի հնարավորություն «ատամ ցույց տալու», և թող ադրբեջանցիները չմտածեն, որ ԼՂ օրինակով կարող են ՀՀ սուվերեն տարածք ճանկել:
«Առնվազն դիվանագիտական մակարդակում մենք ունենք մեզ համար խաղալու դաշտ, իսկ ռազմական առումով, իհարկե, պետք է կարողանանք քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը սրա վրա սևեռել, որ ՀՀ սուվերեն տարածքի պահպանման համար ՀՀ-ին պետք է ռազմական օգնություն, ինչպես Ուկրաինային է տրամադրվում: Այս տուրբուլենտ աշխարհում մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման»,- ասում է նա:
Վերջինիս կարևոր է համարում այն, որ ճանապարհների ապաշրջափակման հարցում հայկական դիվանագիտությունը կարմիր գիծ է սահմանել և որևէ պարագայում որևէ մեկին թույլ չի տալու հատել այն:
«Ռուս-ադրբեջանա-թուրքական կողմը երբ ինչ-որ արտատարածքային ճանապարհի պահանջ է ներկայացնում ՀՀ-ին, հղում են կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, մեզ համար հավելյալ անվտանգային ռիսկեր է ստեղծում, ադրբեջանական, ռուսական, թուրքական կողմը, հղում անելով այդ փաստաթղթի 9-րդ կետին, խոսում է ինչ-որ ճանապարհի անպայման բացվելուց, և այդ անպայման բացվելու տարբերակների մեջ կարող ենք դիտարկել ռազմական ճանապարհով դրան հասնելը ևս: Այս առումով, այո, նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս գալը մեզ համար եթե անվտանգային խնդիրներից չազատի, առնվազն նոր խնդիրներ չի ստեղծի: Այս փաստաթղթից միանշանակ պետք է հրաժարվել, քանի որ դրա շրջանակում մնացել է 9-րդ՝ վիճահարույց կետը՝ անխափան կապ Ադրբեջանի շրջանների և Նախիջևանի միջև ՀՀ հարավով, որի վերահսկողությունը ռուսական հատուկ ծառայությունը պետք է իրականցնի: Ըստ երևույթին՝ այստեղ է, որ ՀՀ-ին կապիտուլացիա է պարտադրվում»,- կարծում է քաղաքագետը:
Մկրտչյանը ևս մեկ նկատառում է անում՝ ասելով. «Միացյալ Նահանգներում օր օրի թևակոխում է նախընտրական շրջանը, և գնալով իրենց ներքին խնդիրներին են ուշադրություն դարձնելու, և հենց սրա վրա է ադրբեջանական և թուրքական աշխարհի խաղադրույքը, որ ԱՄՆ-ում, ԵՄ-ում տուրբուլենտ իրավիճակի դեպքում կարողանան օգտվել և իրենց մատնանշած միջանցքին հասնեն»:
Մեկնաբանելով նաև հայաստանյան ընդդիմության այն հայտարարությունը, թե խաղաղության պայմանագրում չկա հայանպաստ որևէ կետ՝ Մկրտչյանն ասում է, որ իր համար շատ տհաճ է մեկնաբանել «գարշելի» խորհրդարանական ընդդիմությանը:
«ԱԳ նախարարությունը տվել է ծանոթանալու հնարավորություն, հիմա մանիպուլացնում են և հասարակությանը փորձում մոլորեցնել ու հուզումներ առաջացնել: Ես առաջարկում եմ, որ ՀՀ ԱԳ նախարարությունը, պահելով բանակցային էթիկետը, հնարավորինս ՀՀ քաղաքացիների հետ երկխոսություն սկսի և քաղաքացիների առաջ դնի այն, ինչ դրել է այս ընդդիմության առաջ: Ես Գեղամ Մաուկյանի ծանոթացած փաստաթղթից արված հետևություններով չեմ ուզում հետևություն անել և առավել ևս չեմ ուզում մեկնաբանել Գեղամ Մանուկյանին կամ նրա քաղաքական հայրիկ Ռոբերտ Քոչարյանին: Ակնկալում եմ, որ իշխանությունը բաց կլինի այս մասով»:
