Այսօր էլ շատ տղաներ, որպես ապագա տղամարդիկ, փոքր հասակից սկսած յուրացնում են այդ կվազի«գողականության» ոճի ընթացիկ տարբերակը՝ բառապաշարը, առոգանությունը, ժեստերը, քայլվածքը

1970-ականներին Երևանի համալսարանում սկսած 3-րդ կուրսից տղաների համար կար մի անխուսափելի առարկա՝ «ռազմական գործ»: Դրան նվիրված էր շաբաթվա մի օրը: Ռուս սպա-դասախոսները մեզանից պատրաստում էին սպա-կապավորներ խորհրդային բանակի համար: Ինչ-որ բաներ իհարկե սովորում էինք (օրինակ՝ Մորզեի այբուբենով ընդունել և ուղարկել հաղորդումներ), բայց այդ օրը ռուս սպաները և հայ ուսանողներս հիմնականում զբաղված էինք իրար զզվացնելով, համբերության սահմանները քայքայելով և այլն, մի խոսքով՝ իրար կյանք թունավորելով: Իմ կյամքում կատարած հիմարությունների ու անհեթեթությունների զգալի մասը վերաբերում է այդ հինգշաբթիներին: Համալսարանն ավարտելուց հետո, համապատասխան կոչում ստանալու համար, 3 ամիս ծառայեցինք Լենինականի Պալիգոններում:
Այստեղ սկսվում է բուն պատմությունը: Ծառայության հենց առաջին մի քանի օրում հանկարծ պարզվեց, որ մեր մեջ կան «լավ տղեք»: Թվով ավելի քան 100 ուսանողների խմբում սկսեց ուրվագծվել հիերարխիա՝ լավ տղու դերին հավակնողներից բացի կային «չեզոքներ» և պայմանականորեն ասած՝ «հարիֆներ»: Վերջիններին ուրիշներից ավելի հաճախ բաժին էր հասնում կազարմայի հատակը, զուգարանները մաքրելը և ուրիշ նման գործեր: Դժվար էր հավատալ (ես չեզոքներից էի), որ այս մարդիկ միասին 5 տարի մաթեմատիկա են սովորել, միասին քմծիծաղել են ՍՄԿԿ պատմություն առարկայի վրա և այլն:
Այդպիսի բաներ տեսնում էինք նաև մեր հարևանությամբ ծառայող իսկական բանակայինների հարաբերություններում: Բարեբախտաբար մեր մեջ այդ միտումը շատ չզարգացավ՝ թերևս այն պատճառով, որ, այսօրվա լեզվով ասած, «քրեական ենթամշակույթին» մերձեցող հարաբերությունների այդ մոդելը՝ իր բնույթով հիմնականում (մայրա)քաղաքային, տարածված չէր մեխմաթցիների շրջանում, որոնց զգալի մասը գյուղերից եկած տղաներ էին:
Այսինքն այսպես կոչված «ոչ կանոնադրային հարաբերությունները», որոնց տխուր հետևանքների մասին հաճախ լսում ենք, զուտ բանակային խնդիր չէ, այլ վերաբերում է ամբողջ հասարակությանը: Հասարակություն, որ դեռ զգալի չափով խորհրդային շրջանից ժառանգած արժեքների գերին է: Այսօր էլ շատ տղաներ, որպես ապագա տղամարդիկ, փոքր հասակից սկսած յուրացնում են այդ կվազի«գողականության» ոճի ընթացիկ տարբերակը՝ բառապաշարը, առոգանությունը, ժեստերը, քայլվածքը: Այդպես նրանք պատրաստվում են նաև բանակում ծառայելուն՝ լավ իմանալով, թե իրենց այնտեղ ինչ է սպսում:
Նրանց բակը (փողոցը, թաղը) բնավ էլ «Մեր բակը» չէ: Սերիալ, որ տոգորված է նոսթալգիայով առ խորհրդահայ ազգային դրախտը և իրականում կարծես հենց այդ դրախտի բակային մոդելն է՝ շաքարաջրի մեջ թաթախված ռոմանտիկայով, քնարականությամբ և այլնով, բայց առաջին հերթին՝ հզոր կայսրության հովանու ներքո զարգացած հավաքական նարցիսիզմով և աններելի, աններելի՛ անհոգությամբ:
Կիսվել սոց․ ցանցերում