Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ այն, որ պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի, հստակ է, սակայն դա չի նշանակում, որ այդ պատերազմը լինելու է մոտ ժամանակներս:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, որով նա արձագանքել է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությանը:
«Ես անձամբ չեմ սպասում, որ այս տարի կլինի լայնածավալ պատերազմ. կան մի շարք հանգամանքներ, որ Ալիևին թույլ չի տա այս տարի գործողության գնալ, բայց միաժամանակ դա չի նշանակում, որ ԱՄՆ-ում ընտրություններից հետո պատերազմ չի կարող լինել: Իսկ մինչ այդ մանր-մունր էսկալացիաները, կարծում եմ, շարունակվելու են»,- ասում է նա:
Ստեփանյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագիր կնքելու հետ կապված ՀՀ-ի լավատեսությունը պայմանավորված է Միացյալ Նահանգների հետ. «ԱՄՆ-ն կարող է ստիպել և կստիպի Ադրբեջանին գնալ խաղաղության: Ադրբեջանն էլ, շատ լավ իմանալով, որ չի ստորագրելու, այդպիսի հայտարարություններ է անում, որ ցույց տա իր կոնստրուկտիվությունը, այն դեպքում, երբ նրանք պատրաստ չեն դա ստորագրել և ցանկություն էլ չունեն. ինչո՞ւ, որովհետև այս պահին դա չի բխում իրենց շահերից այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: Դա չի բխում նաև ՌԴ-ի և Թուրքիայի շահերից, որոնք Ադրբեջանի հիմնական դաշնակիցներն են»:
Անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին կրկին օրակարգ նետվող խոսակցություններին՝ Ստեփանյանն ասում է՝ դրա առաջին շահառուները Ռուսաստանը և Թուրքիան են. «Նոյեմբերի 9-ը միակ փաստաթուղթն է, որը թույլ է տալիս ՌԴ-ին այսօր ունենալ որևէ դերակատարում Ադրբեջանի և ՀՀ-ի միջև վարվող բանակցություններում և պայմանավորվածություններում, և դա այն դեպքում, երբ ՌԴ-ն անձամբ է տորպեդահարել և ոչնչացրել այդ փաստաթուղթը՝ թույլ տալով, որ ԼՂ-ում լինի էթնիկ զտում, և այնտեղ հայեր չմնա»:
Դիտարկմանը, որ Մարիա Զախարովան օրերս էթնիկ զտումն ապացուցող փաստեր և փաստաթղթեր էր պահանջել, վերջինս նկատում է. «Լավագույն ապացույցը Ադրբեջանի կողմից սպանված 6 ռուս զինվորականներն են, որոնք ԼՂ խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների՝ երեխանների, կանանց սպանությունների ականատեսն ու վկան են, դրա համար էլ ոչնչացվել են: Կարծում եմ՝ Զախարովայի կողմից առնվազն անբարոյականություն է խոսել ապացույցների մասին»:
Կրկին անդրադառնալով վարչապետի հայտարարություններին, մասնավորապես, որ առաջարկում է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել, և Հայաստանն ու Ադրբեջանը մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան՝ Ստեփանյանն ասում է՝ սա քաղաքական հայտարարություն է՝ ցույց տալու համար, որ Հայաստանը ռևանշիզմով չի տառապում և ձգտում է միայն խաղաղության:
«ՀՀ-ն կոնստրուկտիվ է տրամադրված, բայց դա չի նշանակում, որ պատրաստ է հանձնվել Ադրբեջանին այնպես, ինչպես դա պատկերացնում են Ադրբեջանում և նրա տերերը՝ Թուրքիայում և ՌԴ-ում: Սա քաղաքական հայտարարություն է, բայց Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը երբևէ այդ ճանապարհով չի գնա, որովհետև վերջինիս նպատակը ՀՀ-ի կապիտուլյացիան է և ոչ թե խաղաղությունը: Եթե մենք չենք ուզում այդ կապիտուլյացիային գնանք, պարտավոր ենք այս իրավիճակը փոխել»,- ընդգծում է զրուցակիցը:
Հարցադրմանը՝ ինչպե՞ս, վերջինս ասում է. «Կա երկու կոմպոնենտ. առաջինը սեփական հնարավորություններն են, բանակը, ազգային անվտանգության համակարգի ռեֆորմները, որոնք ՀՀ-ում հրամայական են վաղուց, վերազինումն է բանակի, հասցնելը ՆԱՏՕ-ական ստանդարտներին: Երկրորդ կոմպոնենտը տարածաշրջանում ուժերի բալանսի ձևավորումն է, այն ուժերի բալանսի, որն այսօր չկա: Այսօր կա ՌԴ, Ադրբեջան, Թուրքիա եռամիասնություն և երկրորդ կողմից կա Հայաստան, որը մեծ հաշվով միայնակ է: Երբ չկա բալանս, Ադրբեջանը կարող է և՛ հոխորտալ, և՛ հարձակվել, և՛ սպառնալ, և՛ ստիպել: Այնպես որ նոր ուժերի բալանս է պետք: ՀՀ-ն պետք է տարածաշրջան բերի նոր խաղացողների, որոնք կլինեն ՀՀ-ի դաշնակիցները. ովքե՞ր են այդ խաղացողները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հնդկաստանը, հնարավորություն կան արաբական երկրներում: Մինչև տարածաշրջանում բալանս չլինի, պատերազմի հավանականությունը միշտ լինելու է շատ բարձր, նույնիսկ, եթե մենք ունենանք հզոր բանակ»:
