Պարբերաբար կրկնվող հրապարակային թիրախավորումն է նաև բուժաշխատողների նկատմամբ բrնության պատճառներից մեկը. Թորոսյան

Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելը բացի նրանց, որ անընդունելի և դատապարտելի է, ինչպես անընդունելի և դատապարտելի է ցանկացած անձի նկատմամբ բռնությունը, նաև արգահատելի է, քանի որ փաստացի նսեմացնում է այն կարևոր և անձնվեր գործը, որ բուժաշխատողները սովորաբար շատ լուռ իրականացնում են` ամեն օր փրկելով հազարավոր կյանքեր:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահույան նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ հազարավոր փրկված կյանքերի մասին սովորաբար մարդիկ չեն տեղեկանում, նրանց մասին մամուլը սովորաբար չի գրում, քանի որ դրա մեջ սենսացիա չկա, հավանաբար «հերոսություն» էլ չկա, «կարծես թե դա հենց այդպես էլ պետք է լիներ»:

«Բայց հենց մի դեպք լինի, որ ցավոք բուժաշխատողները չկարողանան փրկել մեր հայրենակիցներից մեկի կյանքը, քանի որ ոչ բոլորի կյանքն է լինում փրկել առողջական իրավիճակից կախված, մեզնից շատերը, մամուլը դրանից կսարքի սենսացիա` թիրախավորելով հենց բուժաշխատողներին, որոնք թեև կրկին անձնվիրաբար պայքարել, բայց դժբախտաբար չեն կարողացել փրկել մեզնից որևի մեկի հարազատի կյանքը:

Եվ ահա պարբերաբար կրկնվող այս հրապարակային թիրախավորումն է նաև բուժաշխատողների նկատմամբ բռնություն և անհանդուրժողականություն ծնող պատճառներից մեկը, որի մասին մենք բոլորս պետք է խորհենք և հասկանալով դրա արատավոր բնույթը, դադարեցնենք այն:

Վերջին օրերին բռնության ենթարկված իմ գործընկերներին տոկունություն և շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Նաև խնդրում եմ նրանց չհիասթափվել և շարունակել իրականացնել` սովորաբար լուռ, բայց կյանքեր փրկող առաքելությունը, ինչի համար երախտապարտ ենք ձեզ»,-գրել է Թորոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության հերթական դեպքի մասին:

Հիշեցնենք՝ ընդամենը օրեր առաջ էլ Երևանում բռնության հերթական դեպքն էր տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարել: Նրան մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրները ձերբակալվել են:

Կիսվել սոց․ ցանցերում