Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ «Գոյ» թատրոնի հետ կապված խնդիրներին:
Նախարարն ասաց, որ «Գոյ» թատրոնում վերակազմակերպման գործընթաց է: Որպես ստեղծագործական միավոր՝ թատրոնի հետ որևէ բան տեղի չի ունենում, նախարարությունը շարունակելու է ֆինանսավորել թատրոնի խաղացանկը:
«Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ» թատրոնն իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ ընդամենը գործում է «Սունդուկյան» թատրոնի հովանու ներքո: Որևէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք երկու ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում»,- ասաց նախարարը:
Ըստ Անդրեասյանի, «Գոյ»-ի կոմունալ ծախսերն անգամ Սունդուկյան թատրոնն է վճարել: Այսինքն, այդ իմաստով էլ ամբողջապես անկախ ու ինքնավար իրավիճակ չի եղել: Այժմ կլինի մեկ ՊՈԱԿ, որի ներքո գործելու է նաև «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր:
««Գոյ» թատրոնը ստանալու է հավելյալ հնարավորություններ, քանի որ Սունդուկյան թատրոնի բեմերն ու տարածքները շատ ավելին են: Կարծում եմ, որ դերասանական կազմն ու ռեժիսորները կարող են նաև նոր մտահաղացումներ ունենալ՝ դրանք իրագործելու նաև այդ ենթակառուցվածքի պայմաններում: Կարծում եմ՝ սա պետք է բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության և նոր ծրագրերի: Եվ զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք ըստ էության կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»,- ասաց նախարարը:
Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ նախարարությունը շարունակելո՞ւ է ֆինանսավորել «Գոյ» թատրոնի խաղացանկը, և որ և ստեղծագործական-բովանդակային առումով որևէ կերպ այս փոփոխությունից թատրոնը չի տուժելու:
Նախարարը հաստատեց՝ ըդգծելով, որ ցենզուրայի մասին որևէ բան խոսելն անմտություն է: Խաղացանկը թատրոնն է որոշում: Ահնհրաժեշտության դեպքում ԿԳՄՍՆ-ում ևս մեկ հանդիպում կարող է կայանալ:
