Աлիևի ֆանատները. Երբ ձախողումից խոսում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ձախողածներն ու քաղաքական ձախորդները

Խորհրդարանի պատմության մեջ երբեք Ալիևի անունն այդքան չի հոլովվել, որքան հեղափոխությունից հետո և մասնավորապես վերջին 3 տարիներին, երբ նախկին նախագահների կողմից կառավարվող ընդդիմադիր խմբակները մուտք գործեցին ԱԺ։  Ընդ որում, Ալիևի անունը հոլովվում է ոչ թե նրա մաքսիմալիստական, ռազմատենչ հայտարարություններին հակադարձելու, նրա թեզերը ջախջախելու, նրա «պորտը տեղը դնելու» համատեքստում, այլ նրա կողմից  հրապարակ նետված վտանգավոր խոսույթը  գեներացնելու ու հայ ժողովրդին դրանով կերակրելու (երեկ այդ պատգամավորներից մեկը խոսում էր ՀՀ քաղաքացիների ինքնապաշտպանական բնազդի «բթացման» մասին),  հայաստանյան՝ այս պահին առաջ մղվող  օրակարգին հակադրելու և ՀՀ վարչապետին վերբալ մակարդակում  ջախջախելու, կարճ ասած՝   վերջինիս խաղաղության օրակարգը  ձախողելու մեջ համարելու նպատակով։ Երեկ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանին տրված որակումների ցանկը՝ «դավաճան», «հողատու», «թրքահաճ»…   համալրվեց նորով՝ «ձախողված»-ով, ինչն արձանագրեց նաև ՀՀ վարչապետը։

Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հերթագրված ընդդիմադիր պատգամավորներից 6-ը՝ «Հայաստան» խմբակցության անդամներ Աղվան Վարդանյանը, Արթուր Խարչատրյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և նախկին նախագահի որդի Լևոն Քոչարյանը հերթական անգամ հոլովեցին իրենց սիրելի «դասղեկի» անունը՝ «Ալիևն ասում է» ոճում։ Նախկին (թե՞ «սառեցված») դաշնակցական Աղվան Վարդանյանը, խոսելով գերիների մասին, ընդհուպ հայտարարեց՝ «ճիշտ չի՞ լինի, որ հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ հանձնվել Ալիևին՝ գերիների դիմաց»։  Ապա «պղծեց շուրթերն» ադրբեջաներենով, թե՝ «մանավանդ  Ալիևը երգում է՝ նե օլդու, Փաշինյան»։ Չգիտենք՝ ԱԺ պատերից ներս նախկինում  լսվե՞լ է ադրբեջաներեն կամ թուրքերեն որևէ արտահայտություն, թե՞ բացումն անելու պատիվն իր վրա վերցրեց պարոն Վարդանյանը։  Թե ինչ տեղի կունենար Աղվան Վարդանյանի հետ, եթե նա շշկռեր և նման առաջարկ աներ, ասենք, Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, որոնք ԼՂ հարցն  էին գերու կարգավիճակում պահում՝ ՀՀ-ում իշխանության զավթումը հավերժացնելու համար,  չենք ուզում նույնիսկ պատկերացնել։  Հանգուցյալ   ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի պատժի մոդելը՝ «դալաններում ծեծվելու» տեսքով, գրեթե վստահ ենք, կլիներ կիրառված ամենամեղմ պատիժը։ Ի դեպ, Վարդանյանը անհիշելի ժամանակներից պատգամավոր է, կարող էր ժամանակին (բանաստեղծական ոճում շարադրված)  ռազմահայրենասիրական առաջարկ անել Սերժ Սարգսյանին ու հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ ինքնակամ գերի հանձնվել Ադրբեջանին՝ ԼՂ-ն որպես լիիրավ սուբյեկտ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու դիմաց։ Չի արել նման առաջարկ պարոն Վարդանյանը, կարող ենք կռահել, թե ինչու, միայն թե՝ բարձրաձայնել չենք կարող։  Բայց չենք կարող չհիշել  Վանո Սիրադեղյանի փառահեղ  բնորոշումը՝ «օղռաշի ազգայինն է լավը»։

Կոնստրուկտիվ մի առաջարկ էլ մենք անենք ընդդիմությանը. Ալիևի  հանդեպ հարգալից լինելու ու վերջինիս անձի կարևորությունն իրենց քաղաքական կենսագործունեության մեջ ընդգծելու համար հայրենի ընդդիմադիրները  կարող են անկեղծ լինել ու «Ալիև» չորուցամաք գոյականի  փոխարեն գործածել «մեծարգո Իլհամ Հեյդարովիչ» ձևը։  Գուցե ԱԺ-Կառավարություն առաջիկա հարցուպատասխանի ժամանակ  «դասղեկի» դասը լավ սերտած  աշակերտները   հենց այդպես էլ վարվեն։  Մի առաջարկ էլ՝ տրամաբանությունն ու բարոյականությունը հուշում են, որ հաջորդ «դասին» կամ «դասղեկի  ժամին» (հեռավար) տեղական ընդդիմությունն իրեն կեղեքող  հարցերով դիմի հենց Ալիևին՝ նրանից ակնկալելով պատասխաններ, քանի որ ՀՀ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի տված պատասխանները նրանց չեն համոզում։ Ասենք՝ տիկին Խամոյանը, Արթուր Խաչատրյանը ու Ալիևի «քնարի» մյուս  ֆանատները կարող են նրանից  ճշտել, թե ե՞րբ է վերջինս պատրաստվում հանել իր զորքերը ՀՀ սուվերեն  տարածքից, ե՞րբ է դադարելու գործածել «Զանգեզուրի միջանցք»  կեղծ խոսույթը, ե՞րբ է դադարելու զառանցել (կարող են այլ փափուկ բառ ընտրել՝ չնեղացնելու համար) «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին, ե՞րբ է  պատրաստվում հարգել բանակցային սեղանի շուրջ ձեռք բերված որոշակի համաձայնություններն ու վերջապես դառնալ պայմանագրայնունակ պետության ղեկավար և այլն, և այլն։ Գործող իշխանությունն այս բոլոր հարցադրումների լուծումը փորձում է գտնել դիվանագիտական լեզվով ու բանակցային ճանապարհով, ընդդիմությունը, քանի որ մաս չի կազմում պետության կառավարմանը, ավելի ազատ ու անկաշկանդ է այսօրինակ լեգիտիմ ու սուր հարցադրումներ անելու համար՝ մի քիչ անհարմար դրության մեջ դնելով «մեծարգո Իլհամ Հեյդարովիչին»։

Իսկ մինչ մեր առաջարկը կընդունվի՝ մտովի տեղափոխվենք Բաքու։

Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Միլի մեջլիսում որևէ ընդդիմադիր խմբակցություն այդքան ջանադրաբար հոլովեր ՀՀ ղեկավարների անունները, տիրաժավորեր հայկական թեզերը,  համահայկական օրակարգը, Ալիևին մեղադրեր ՀՀ-ի հետ խաղաղության օրակարգը միտումնավոր ձախողելու և վերջինիս սուվերեն տարածքի նկատմամբ ցինիկ,  միջազգային իրավունքին հակասող հավակնություններ ցուցաբերելու համար կամ, ասենք, պահանջեր, որպեսզի Ալիևը, որպես ԼՂ խաղաղ կարգավորման բանակցությունները տապալած, պատերազմի և հազարավոր զոհերի գնով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» վերականգնած նախագահ, հավաքի իր փասա-փուսեն ու հեռանա իշխանությունից՝ հնարավորություն տալով, որ մոտակա արտահերթ ընտրություններում իշխանության գան դեմոկրատ և ամենակարևորը՝ ոչ արկածախնդիր ու արյան ծարավի ուժեր, որոնք ադրբեջանցի ժողովրդին կբերեն ոչ թե պետության ղեկավարի կողմից սանձազերծված նոր պատերազմ, այլ՝ կայուն ու երաշխավորված խաղաղություն։

Հիմա անդրադառնանք «ձախողված»  լինելուն

Այդ տերմինը երեկ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցում գործածեց Լևոն Քոչարյանը՝ մասնավորապես նշելով՝ «չե՞ս տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»։ Ուշագրավը որդի Քոչարյանի դիտարկման մեջ այն է, որ ձախողման և ձախողված լինելու մասին խոսում է մեկը, որի հայրը և նրա սիամական երկվորյակ եղբայր Սարգսյանը կատարելապես ձախողել  են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը, թեև ժամանակին պալատական հեղաշրջումը այդ հարցը լուծելու համար էին արել։ Լևոն Քոչարյանին, հետևապես, առաջարկում ենք, որ առաջարկի սիրելի հայրիկին ժամանակ տրամադրել ու լիկբեզ անցկացնել՝   վերհիշելով ԼՂ կարգավորման  խրոնոլոգիան՝ սկսած 1998-ից՝ մասնավորապես  Ստամբուլյան խարտիայի ստորագրումից  մինչև «Մադրիդյան սկզբունքներ», այնուհետ՝ Մայենդորֆյան հռչակագիր, Կազանյան ձախողված պայմանավորվածություններ, ապրիլյան քառօրյայից հետո ձեռք բերված Սանկտ Պետերբուրի, Վիեննայի հայտարարություններ՝ մինչև Սերժ Սարգսյանի՝ 2018-ի ապրիլին ԱԺ-ում արած հայտարարություն։

Ի դեպ, մի երկու խոսք էլ քաղաքական առումով ձախողված լինելու մասին. 2021 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքներն ապացուցեցին, որ նախկին երկու նախագահները ԼՂ խնդրի կարգավորումը ձախողելուց զատ նաև քաղաքական շարքային ձախորդներ են, որոնք մեկ տարի անց ձախողեցին նաև «Դիմադրություն» կոչված ու հետագա շարժում-միտինգները։  Ու հիմա նրանց հովանու տակ գործող  խորհրդարանական խմբակները ԱԺ-ի տաք դահլիճում նստած երևի թե հայտնի երգն են մրմնջում ու հույս   փայփայում, որ «ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան»։ Ալիևն էլ՝ մեզ օգնական։

Հեղինե Մանուկյան

 

https://civic.am/politics/armenia/129705-alievi-fanatnery.html

Կիսվել սոց․ ցանցերում