Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում, որից առաջինն այն է, որ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում:
Այնուհետ ՀՀ վարչապետը պարզաբանել է, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը:
«Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը:
Ես հիմա կդժվարանամ ասել քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռով: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ առ ժամանակ ընդունում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը: Դա տեղի է ունեցել 2018թ. առաջ, դա տեղի է ունեցել 2018թ. հետո և մենք, ի վերջո, այս արձանագրումը պետք է անենք և մեր լեգիտիմությունը, լեգիտիմ հարցադրումներն, ակնկալիքները և շեշտադրումները պետք է անենք՝ հենվելով այս հենքի և տրամաբանության վրա:
Ընդ որում, ես մեր գործողությունների և դիրքավորումների լեգիտիմությունը հայեցակարգային մակարդակով կապում եմ և պայմանավորում եմ «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի տրամաբանության շրջանակներում:
Մենք անվտանգություն ասելով սովորաբար հասկանում ենք բանակ, Զինված ուժեր, հասկանում ենք դիվանագիտություն: Երկուսն էլ ճիշտ են, այսինքն այստեղ խնդիր չկա, բայց մոռանում ենք անվտանգության ապահովման համար հենց լեգիտիմությունը, որի ապահովման գործառույթն առաջին հերթին մեր իրավաբանական հանրությանն է: Իհարկե նաև ուզում եմ ընդգծել Սահմանադրական դատարանի դերն այս գործընթացում, ընդհանրապես՝ դատական համակարգի դերը: Ուզում եմ, որ մենք հենց այսպիսի աշխատանքի տրամադրվենք, որն, իմ կարծիքով, այս շրջափուլում անվտանգության ապահովման արդյունավետությունն էականորեն ավելացնելու է»,-նշել է նա:
