Հայաստանում Իրանի դեսպանն ու մշակույթի կցորդն այցելել են Մատենադարան

Մատենադարան են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և մշակույթի կցորդ Մուհամմեդ Ասադի Մովահեդը:

Այս մասին հայտնում են Մատենադարանից:

Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի օրակարգը, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու նախատեսվող համատեղ միջոցառումները։ Տնօրենը մասնավորաբար անդրադարձել է մարտին կայանալիք հայ-իրանական գիտաժողովին և տարեվերջին նախատեսվող Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված միջոցառումներին։

Դեսպան Մեհդի Սոբհանը հայտնել է համակողմանի աջակցության պատրաստակամություն և հրավիրել է Մատենադարանի տնօրենությանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն:

Աղբյուրը՝

https://www.facebook.com/MashtotsMatenadaran/posts/776946561127410?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում