Վարկանիշային էյֆորիա և խորացող ճգնաժամ. ինչու՞ է Աлիևը գնում արտահերթ նախագահական ընտրությունների

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանում հաջորդ ամիս նախագահական ընտրություններ են սպասվում: Թվում է՝ զարմանալի ոչինչ չկա, սակայն այս ընտրությունները իրապես տարբերվում են երկրի նախորդ ընտրություններից: Նախևառաջ, դրանք 2024-ին նախատեսված չէին. հերթական նախագահական ընտրությունների համար դեռ բավական երկար ժամանակ կար, սակայն Ալիևն ու նրա քաղաքական թիմն ունեին իրենց պատճառները՝ ժամանակից շուտ իշխանության շարքերում ամրապնդվելու և համայն աշխարհին Ալիևի սարքովի «լեգիտիմությունը» ցուցադրելու համար:

Ինքը՝ Ալիևը և նրա քաղաքական թևը մինչ այս պահը չեն մեկնաբանել, թե իրենց ինչին են պետք արտահերթ նախագահական ընտրությունների խառնաշփոթն ու վազքը, սակայն շատ բաներ պարզից էլ պարզ են:

Երբ էին լինելու իրական ընտրությունները

Ալիևի՝ նախագահի պաշտոնում հերթական ժամկետն ավարտվելու էր 2025 թվականին։ Ավելին, նախորդ նախագահական ընտրությունները նույնպես արտահերթ էին. դրանք հոկտեմբերի փոխարեն անցկացվեցին 2018 թվականի ապրիլին։ Հետո ընդդիմությունը հայտարարեց, որ չի կարելի նախապատրաստվել ընտրություններին, բոյկոտեց դրանք, իսկ թեկնածուները կա՛մ Ալիևին բացահայտորեն սատարող մարդիկ էին, կա՛մ քիչ հայտնի քաղաքական գործիչներ, ոմանք նույնիսկ սոցիալական ցանցերում էջեր չունեին, նրանց մասին տվյալներ գտնելը բարդ էր:

Ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել այս ընտրություններին, քանի որ, նրանց կարծիքով, անիրատեսական էր ընդամենը մեկ ամսում քարոզչություն իրականացնելը և 100 հազար ստորագրություն հավաքելը (դա պետք է արվեր մինչև հունվարի 7-ը)։

Այն թեկնածուները, ովքեր համաձայնել են մասնակցել այս նախագահական «արշավին», քարոզչություն չեն անում և չեն քննադատում նախագահին։ Այդպես էր 2018 թվականի վերջին նախագահական ընտրություններում ևս:

Հատկանշական է, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած ակնհայտ անհավասար  հաղթանակը երկրում բարձրացրել է բռնապետի վարկանիշը, իսկ բռնությամբ, տեղահանությամբ ու արյունահեղությամբ Ղարաբաղի՝ ադրբեջանական կազմում ընդգրկվելը ավելի է ամրապնդել այն:

Ուրեմն՝ Ալիևին ինչի՞ համար են պետք արտահերթ ընտրությունները

Քաղաքագետ կամ միջազգայնագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունները փորձ են՝ ապահովելու ռեժիմի լեգիտիմությունը, քանի դեռ չի մարել էյֆորիան Ղարաբաղում «հաղթանակ»-ի հետ կապված:

Ալիևը ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականից և ստիպված է եղել մշտապես պահպանել իր իշխանության օրինականությունը։ Տարիներ շարունակ նա դա արել է՝ «կգրավենք Ղարաբաղը» լոզունգով, արյունալի պատերազմից հետո արդեն նա չունի այս լոզունգով առաջնորդվելու հնարավորություն և վաղ թե ուշ բնակչությունը կսկսի մտածել լճացած տնտեսության, երկրում հակաօրինական բազմաթիվ կարգերի, խոսքի ազատության սահմանափակումների, բնակչության աղքատության և այլ խնդիրների մասին։ Այսպիսով, Ալիևը մոտ մեկ տարի դեռ կկարողանար պահպանել իր իշխանությունը, սակայն դժվար թե դա ձգվեր մինչև 2025 թվականը (երբ պետք է տեղի ունենային իրական նախագահական ընտրությունները):

Աղքատությունը, գործազրկությունը, բռնաճնշումներն ու ընտրությունները

2023 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է ընդամենը 0,2%-ով։

Այս ՀՆԱ-ի կեսից ավելին նավթն ու գազն են։ Երկրում տարիներ շարունակ փոքրիշատե աճող նվազագույն աշխատավարձն այս տարի առաջին անգամ չի բարձրացել՝ կազմելով ամսական 200 դոլարից մի փոքր ավելի (345 մանաթ):

Բացի այդ, հաշմանդամության թոշակ ստացողների թիվը 2020 թվականից ի վեր հանրապետությունում անընդհատ նվազում է, թեև մինչ այդ ամեն տարի միայն աճում էր։ Նաև այս տարի հանվել է փոքր ձեռնարկատերերի արտոնյալ եկամտահարկը, նրանք այժմ պետք է վճարեն ոչ թե շահույթի 5, այլ 20 տոկոսը։

Երկրի բնակչությունը վրդովվում է ոչ միայն սոցիալական և տնտեսական խնդիրների, ցածր աշխատավարձերի, գործազրկության և խորացող ճգնաժամի պատճառով, այլ նաև այն բանի համար, որ Ադրբեջանի գյուղերում փլուզվող դպրոցների ու մանկապարտեզների ֆոնին պաշտոնական Բաքուն միլիարդներ է ծախսում՝ նախ մայրաքաղաք Բաքուն «ծաղկեցնելու» , այնուհետ՝ Ղարաբաղի գյուղերի ու քաղաքների շինարարության համար: Պատճառը մեկն է՝ արագորեն բնակեցնել Ղարաբաղը՝ աշխարհին ցույց տալու բան ունենալու համար: Սա, սակայն, քիչ է հուզում հասարակ բնակչությանը:

Պաշտոնապես Ադրբեջանում գործազրկությունը ցածր է՝ ընդամենը 5%, գրեթե չորս անգամ ցածր, քան հարևան Վրաստանում։ Բայց շատ փորձագետներ համոզված են, որ սա «նկարված թիվ է» և կարծում են, որ իրականում գյուղի շատ բնակիչներ փաստացի գործազուրկ են, քանի որ աշխատանքային օրենսդրությամբ հողի սեփականությունը հիմք է մարդուն զբաղված համարելու։ Իսկ պաշտոնական տվյալներով՝ երկրի բնակչության 37%-ը գյուղատնտեսության մեջ զբաղված մարդիկ են։

Ադրբեջանական պետությունը, տարիներ շարունակ, երբ բախվում է աճող ներքին լարվածությանը, մշտապես դրան պատասխանում է բռնաճնշումների ուժեղացմամբ։ Գաղտնիք չէ, որ երկրում տասնամյակներով հետապնդվում են լրագրողներն ու հետաքննող կազմակերպությունները, վերահսկվում են լրատվամիջոցները: Այս պատճառով է, որ միջազգային մակարդակներում քիչ հայտնի են Ադրբեջանի ներսում կուտակված խնդիրները:

Միայն դեկտեմբեր ամսին երկրում ձերբակալվել է 13 լրագրող, ինչպես նաև մի քանի քաղաքական ակտիվիստ: Այսպես մամուլի «աչքը վախեցնելով», Ադրբեջանը շարժվում է դեպի մի քանի օրից մեկնարկող ընտրություններ: Միջազգային կազմակերպություններն արդեն հայտարարություն են տարածել այն մասին, որ ընտրություններին միջազգային դիտորդներ չեն ուղարկելու, ինչից երկրի վերնախավը միայն երջանիկ է:

Նշենք՝ վերջին՝ 2018 թվականի ընտրություններում գործող բռնապետը ստացել էր ընտրողների 86 տոկոս ձայները: Կանխատեսվում է, որ բարձր ցուցանիշներ կլինեն այս անգամ էլ: Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավն արդեն իսկ մեկնարկել է, այն կավարտվի փետրվարի 6-ին՝ ընտրություններից մեկ օր առաջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի ղեկավարի պաշտոնի համար 7 թեկնածուի։ Նրանց թվում է գործող նախագահ Իլհամ Ալիևը, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցում են Միլլի Մեջլիսի պատգամավորներ Զահիդ Օրուջը, որն ինքնաառաջադրվել է, «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլլաևը, «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը, «Մեծ արարում» կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆան, ինչպես նաև «Մեծ Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաևը և ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։

Արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 7-ին:

Կիսվել սոց․ ցանցերում