Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը ողջ են մնացել։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ տեղական պաշտոնյաներին հղումով։
Նախնական տվյալներով՝ Աֆղանստանում կործանված մարդատար ինքնաթիռում եղել է վեց մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա)։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական ինքնաթիռների պետական ռեգիստրում գրանցված Falcon 10 ինքնաթիռը շաբաթ օրը՝ հունվարի 20-ի երեկոյան, գտնվելով Աֆղանստանի օդային տարածքում (Տաջիկստանի սահմանի մոտ), դադարեցրել է հաղորդակցությունը և անհետացել ռադարների էկրաններից։
Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը շտապօգնության չարտերային չվերթ է իրականացրել Գայա (Հնդկաստան) — Տաշքենդ (Ուզբեկստան) — Ժուկովսկի (Ռուսաստան) երթուղով, սակայն ինքնաթիռի սկզբնական մեկնման կետը եղել է Թայիլանդի Ուտապաո օդանավակայանը։
Ինքնաթիռում ծանր վիճակում գտնվող ռուս կնոջը Թայլանդի հիվանդանոցից տարհանել են Ռուսաստանի Դաշնություն։ Նրան ուղեկցել է ամուսինը՝ ռուս գործարար, ով էլ հենց վճարել է տարհանման թռիչքի ծախսերը։
«Ռոսավիացիան կապի մեջ է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկայումս օդանավի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ Մոսկվա թռչող մասնավոր ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռնային շրջանում։
