Երկու բաժնի համար անհրաժեշտ է․
8 հատ նրբաբլիթ
2 բանան
1 նարինջ
4 ճաշի գդալ թթվասեր
2 ճաշի գդալ շաքարավազ
Նախ պատրաստում ենք նրբաբլիթները: Ներկայացնեւմ ենք նրբաբլիթներ թխելու «ավանդական» բաղադրատոմսը, բայց կարող եք թխել նաեւ Ձեր տարբերակով:
Հարկավոր է․
3 հատ հավկիթ
3 բաժակ կաթ
2 բաժակ ալյուր
1-ական պտղունց աղ, շաքարավազ
բուսական ձեթ։
Այս ամենով ստանալ խմոր, կարեւոր է լավ հարել, որպեսզի «կոշտուկներ» չլինեն: Լավ տաքացնել թավան, տակը մի քիչ կարագ քսել, փոքրիկ շերեփով ստացված խմորից լցնել թավայի մեջ այնքան, որ շատ բարակ շերտ կազմի: Թողնել՝ եփվի մոտ կես րոպե, շրջել նույնքան եփել նաեւ հակառակ երեսը:
Մեր նրբաբլիթները պատրաստ են: Տեսնենք, թե ինչ ենք անում բանանն ու նարինջը:
Բանանը կեղեւազրկում ենք, երկարությամբ բաժանում չորս մասի:
Նրբաբլիթի վրա քսում ենք թթվասերը, դնում բանանի մի կտորը եւ փաթաթում:
Նրբաբլիթով «բարուրված» բանանները տեղադրում ենք հրակայուն տարայի մեջ, թեթեւակի պատում բուսական յուղով եւ հինգ րոպե եփում ջեռոցում (180 C): Բանանն այս ընթացքում չի փոխում ոչ ձեւը, ոչ էլ համը:
Հիմա պատրաստում ենք սոուսը․
Կեղեւազրկում ենք նարինջը, երկայնակի կտրած երեք-չորս շերտ առանձնացնում, մնացածից ստանում ենք հյութ: Թավայի մեջ լցնում ենք մեկ ճաշի գդալ բուսական յուղ, երկու ճաշի գդալ շաքարավազ, խառնելով եփում ենք եւ ավելացնում նարնջի հյութը: Հինգից յոթ րոպե զանգվածը անդադար խառնելով եփում ենք մինչեւ թանձրանալը: Ստացված թանձր հյութի մեջ գցում ենք նարնջի «ֆիլեն», թողնում՝ սառչի մեկ-երկու րոպե: Սոուսը պատրաստ է:
Գեղեցիկ ափսեի մեջ շարում ենք բանանով նրբաբլիթները, վրան լցնում սոուսը եւ վայելում: Հավատացեք, որ շատ համեղ է:
