Վահրամ Աթանեսյանը գրում է․
Արցախի ԱԺ-ն հայտնում է, որ հունվարի 27 -28 -ին Եվրոպայի 14 երկրների 50 քաղաքներում տեղի են ունենում ,,Եվրոպացիները՝ հանուն Արցախի,, հարթակի նախաձեռնած միջոցառումներ: Այդ առթիվ ԱԺ չորս խմբակցությունները կազմակերպիչներին Ուղերձ են հղել, որով պատմական նոր առաքելություն է հռչակվում ,,միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձին հասնելը,,: Կարելի է ցավով եւ խոր ափսոսանքով արձանագրել, որ ազգային-հայրենասիրական ուժերը վերջապես հասան բաղձալի հանգրվանի՝ Արցախի հարցը Հայ դատից անբաժանելի է եւ կլուծվի մեկ փաթեթով, երբ քաղաքակիրթ մարդկությունը կպատժի ցեղասպան Թուրքիային եւ նրա գործիք Ադրբեջանին: Այսինքն, գործնականում չի լուծվի: Այս աղետալի եւ բռնատեղահանված արցախցիներից բացի բոլոր կողմերին լիովին ձեռնտու ընթացքը կասեցնելու հնարավորություն դեռեւս կա: Ո՞վ կձեւակերպի պրագմատիկ օրակարգ եւ կլծվի այն իրացնելու տաժանակիր, բայց արժանապատիվ գործին: Մի քանի ամիս հետո այդ հնարավորությունը եւս մսխված է լինելու:
