Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում 62-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Հագեր» մակնիշի ավտոբուսով Սարի թաղի 13 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակիչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին, ու ամբողջությամբ փակել ճանապարհը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Տեղում տարածքը սահմանազատելվել է, ժամանել են իրավապահները:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ հրաշքով են պրծել թե՛ վարորդը, թե՛ ուղևորները, քանի որ ավտոբուսի մեջ մի քանի ուղևոր է եղել և երջանիկ պատահականությամբ ավտոբուսը չի կողաշրջվել։
Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 13 երթուղին՝ Քանաքեռ- Սարի թաղ հատվածը:

