Բшքվпւմ քննվել և մերժվել է Ռուբեն Վարդանյանի ձերբшկшլության որոշման դեմ բողոքը

Ադրբեջանում քննվել է ԼՂ նախկին պետնախարար, ապօրինի կերպով ձերբակալված և Բաքու տեղափոխված միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի դիմումը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ պետական անվտանգության ծառայությունը շարունակում է Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը երկարացրել է 4 ամսով։

Դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացրել Ռուբեն Վարդանյանի պաշտպանը։

Բաքվի վերաքննիչ դատարանում կայացած նիստում ընթերցվել է դատարանի որոշումը։ Որոշման հիման վրա բողոքը չի բավարարվել, Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնում է ուժի մեջ։

Նշենք, որ շինծու քրեական գործով իբր կասկածներ են հայտնաբերվել, որ Ռուբեն Վարդանյանը կատարել է հանցավոր արարքներ:

Մասնավորապես, Բաքուն վերջինիս մեղադրում է Ադրբեջանի ՔՕ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) և 318.1 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։

Սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը: Դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:

ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները:

Կիսվել սոց․ ցանցերում