Չեխիայի Հանրապետությունը աջակցում է Հայաստանին՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին․ Մարկետա Պեկարովա Ադամովա

Չեխիայի Հանրապետությունը աջակցում է Հայաստանին՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին:

Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:

«Մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ, ներառյալ Արևելյան գործընկերության շրջանակներում, որը նաև Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շնորհիվ հյուրընկալվել էր Չեխիայում: Մենք նաև համագործակցում ենք երկկողմ մակարդակում. մեր երկու խորհրդարանները կարող են շատ տարբեր ոլորտներում համագործակցել, մեր հանձնաժողովներն այցելում են Հայաստան, և նույնը վերաբերում է հայաստանյան հանձնաժողովների այցերին Պրահա»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այժմ աշխատանք է գնում փոխադարձ տնտեսական հարաբերությունների հետ կապված, և իր պատվիրակության մի մասը ձեռներեցներ են, նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ «Իմ պատվիրակության անդամներից մեկն էլ ներկայացնում է մեր առևտրի նախարարությունը, որը նշանակում է, որ դեռևս հնարավորություն կա բարելավել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները, և մենք այդ կապակցությամբ աշխատում ենք»։

Ադամովան նկատեց՝ երկու երկրների համագործակցությունը ներառում է նաև մշակութային և կրթական կապեր. «Այդ կապակցությամբ ես ուրախ եմ, որ ցուցասրահ եմ բացելու թանգարանում, որը կներկայացնի մեր մշակութային ժառանգությունը, հուսով եմ, որ դա լավ հնարավորություն կլինի՝ հրավիրել հայ զբոսաշրջիկներին մեր գեղեցիկ երկիր. միշտ դռները բաց են»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում