Լյուքսեմբուրգում, Կիպրոսում և Սերբիայում ՀՀ-ն առաջիկայում դիվանագիտական գրասենյակներ կբացի. ԱԳՆ նախագիծը

ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշմամբ, ինչպես հայտնի է,  Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ստեղծվել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն:  Առաջիկայում, երկուստեք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է բացել նաև դիվանագիտական գրասենյակներ Լյուքսեմբուրգում, Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում: Այս մասին civic.am-ը տեղեկացավ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառած՝ ԱԳՆ-ի կողմից ներկայացված նախագծից։  («Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ հավատարմագրող պետությունը կարող է նստավայր պետության որոշակիորեն արտահայտված նախնական համաձայնությամբ հիմնել դիվանագիտական ներկայացուցչության մասը կազմող գրասենյակներ):

Կից հիմնավորման մեջ նշված է, որ  ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածում կատարել լրացումներ՝ դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն չափը հաշվարկելու նպատակով: Հիշյալ հավելվածը, նշենք, վերաբերում է օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն չափին և կլրացվի ևս 4 կետով։

Ըստ այդմ՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում  արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարին, խորհրդականին տրվելիք փոխհատուցման առավելագույն չափը կկազմի   $2,000, իսկ քարտուղարների (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդի հավելավճարը՝ $1,900, Լյուքսեմբուրգում՝ համապատասխանաբար €2,400 և €2,200, Սերբիայի Հանրապետությունում՝ համապատասխանաբար €1,550 և €1,450, Կիպրոսի Հանրապետությունում՝ համապատասխանաբար €1,550 և €1,450։

Կիսվել սոց․ ցանցերում