Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է Վրաստանի վարչապետի պաշտոնի համար

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է երկրի վարչապետի պաշտոնի համար։ Կուսակցությունը հաստատել է նրա թեկնածությունը։

Նրա փոխարեն իշխող քաղաքական ուժի նախագահի պաշտոնը կզբաղեցնի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական էր տվել։

Կոբախիձեի պաշտոնի հաստատվելուց հետո պետք է հաստատվի Վրաստանի կառավարության նոր կազմը, որը տեղի կունենա արդեն հաջորդ շաբաթ:

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետի լիազորությունները դադարում են պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո, կառավարությունը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։ Կառավարության ղեկավարի պարտականությունները դրվում են առաջին փոխվարչապետի վրա։

Երկրի բոլոր նախարարները կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ։ Խորհրդարանը կունենա երկու շաբաթ՝ վստահություն հայտնելու նոր վարչապետին և նրա ներկայացրած կառավարությանը:

Վստահություն ձեռք բերելու համար կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի առնվազն 76 պատգամավորի աջակցությունը։

Կիսվել սոց․ ցանցերում