Երկրի, պետության անվտանգությունն ապահովելու համար պետք է բարեփոխել և ուժեղացնել բանակը, ունենալ մարտունակ բանակ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում: «Երկրորդ գործիքը արտաքին հարաբերություններն են, և սրանում նորություն չկա»,- հավելեց նա:
Վարչապետը կարևորում է, որ բանակ-դիվանագիտություն զույգին ավելանա լեգիտիմությունը. «Շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ՝ արտաքին աշխարհի համար հասկանալի: Եթե լեգիտիմ նպատակների մեր ներքին և արտաքին ընկալման միջև դիսոնանս կա, այդ դիսոնանսի մեջ է գեներացվում անվտանգային սպառնալիքը: Ես լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ»:
«Բանակը պետք է դարձնենք մարտունակ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով: Իսկ մեր երկրի տարածքային ամբողջականությունը Հայկական ԽՍՀ տարածքի նույնական ամբողջականությունն է: Իսկ եթե մենք ասում ենք, որ բանակը ուժեղացնում ենք, օրինակ, պատմական արդարությունը վերականգնելու համար, պարզ հարց է ծագում՝ ինչու պետք է թողնեն, որ մեր բանակը հզորանա, որպեսզի պատմական արդարության հարց լուծի»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ այս ուղերձը ցանկանում է հղել առաջին հերթին մեր ժողովրդին:
