Աճում են համատեղ հետաքրքրությունները՝ հաշվի առնելով հայկական և ռուսական բիզնեսի խորը կապը. ՌԴ էկոնոմիկայի նախարար

«Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր: Մեր համագործակցությունը, առևտրաշրջանառությունն ու փոխադարձ ներդրումները ավելանում են, աճում են նաև համատեղ հետաքրքրությունները՝ հաշվի առնելով հայկական և ռուսական բիզնեսի երկարատև ու խորը կապը, հայ և ռուս ժողովուրդների ընկերական, մարդկային հարաբերությունները»:

Այս մասին այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպումից հետո ասաց Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ անդրադառնալով հանդիպման մանրամասներին:

«Քննարկել ենք մակրոէկոնոմիկային առնչվող հարցեր, մասնավորապես՝ հարցեր՝ փոխարժեքի հետ կապված: Ինչպես գիտեք, ռուբլու և դրամի կուրսերը հիմա դրամատիկ պատկեր ունեն, և դա առաջացնում է անհանգստություն հայ բիզնեսմենների մոտ, որոնք ներդրումներ են անում ՌԴ-ում: Բնականաբար, սա անցողիկ իրավիճակ է և չի ազդում ռազմավարական մոտեցումների ու խնդիրների վրա: Իսկ ռազմավարական մոտեցումները հետևյալն են՝ փոխադարձ ներդրումներ, նոր նախագծեր: Քննարկումներ ենք ունեցել նման հարցերի շուրջ և, իհարկե, ավանդական հարցերի՝ անցակետերի, տրանսպորտի, նոր մոտեցումների»,- ասաց ՌԴ Էկոնոմիկայի նախարարը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ քննարկել են շատ հարցեր ներդրումների, համատեղ նախագծերի, լոգիստիկայի հետ կապված: «Կարծում եմ՝ համագործակցության այն ծավալը, որ պատկերացնում ենք, շատ մեծ առաջընթաց կապահովի, լավ արդյունքներ կտա»,- հույս հայտնեց Քերոբյանը:

Կիսվել սոց․ ցանցերում