Ո՞րն է Խորենացու <Ողբ>-ի առանցքը

Խորենացին և արտասահմանում կրթություն ստացած իր ընկերները հալածվել են առաջադեմ հայացքների համար։ Երբ վերադարձել են «Արևմուտքից», ողջ չեն եղել նրանց ուսանելու ուղարկած Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը, որպեսզի պաշտպանեին իրենց ընտրյալ աշակերտներին։ Դա է Խորենացու Ողբի առանցքը։
Հալածանքի երկրորդ, հետմահու փուլի մասին գրում է ակադեմիկոս Ստեփանոս Մալխասյանցը (1857-1947)։ Նա համարում է, որ անհայտ կորել են Պատմահոր 30 տարվա գրվածքները, այդ թվում՝ հոգևորական վերնախավին ուղղված նզովքը, նաև «նրա Պատմությունն անցել է հայ հոգևորականության խիստ քննության բովով և ուղղագրվել է» (այսինքն՝ խմբագրվել է գրաքննչական նկատառումներով)։
Հալածանքի երրորդ փուլը XIX դարի վերջն էր, երբ Խորենացին հայտնվեց օտար և հայ պատմաբանների «գերքննադատության» թիրախում՝ անվանվելով կեղծարար ու ձեռնածու։
Նրանց փաստարկների զգալի մասը հետագայում հերքվել է, բայց կա հարցի ուրիշ կողմ ևս՝ հեղինակի ինքնաբնութագրումները։ Որոնք բանի տեղ չեն դրել նրան մոլեգին ժխտողները։ Իմ այս էսսեն Խորենացու հոգեբանական դիմանկարի փորձ է՝ հիմնված նրա հեռակա «երկխոսությանը» մատյանի պատվիրատու, Հայաստանի մարզպան Սահակ Բագրատունու հետ։
Այսօրվա պատումը անդրադառնում է նաև հին մատյաններն ընդօրինակող գրչագիրներին, ծաղկողներին՝ ինչ պայմաններում էին աշխատում… ինչ գույն ուներ (նոր) մագաղաթը, երբվանից է օգտագործվել ինքնահոս գրիչը, որ թանաքն էր հուսալի, և ինչու էր դա երբեմն վատ… ովքեր էին «բերանացի գրողները», որոնք բանասացները չեն։
Կիսվել սոց․ ցանցերում