Եթե Ալեն Սիմոնյանը լիներ ընդդիմադիր գործիչ՝ պատկերացնում եմ աղմուկի աստիճանը. Արթուր Սաքունցը՝ օրերս կանանց կալանավորելու և քաղաքական նպատակահարմարությամբ խնդրին մոտենալու մասին

Օրեր առաջ էկոնոմիկայի նախարարությունից 7 անձ էր ձերբակալվել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը որոշել է կիրառել տնային կալանք, իսկ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվեցին, այնուհետև կալանավորվեցին IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի՝ «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակիցներից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, և ընկերության մեկ այլ աշխատակից՝ Լիլի Մկրյանը։
Նշենք, որ Անի Գևորգյանն ու Լիլի Մկրյանն ունեն անչափահաս երեխաներ, իսկ Մկրյանի երեխան կերակրվում է մայրական կաթով։ Կալանավորված կանանց փաստաբանները հայտարարել են, որ դատարանի որոշումները կբողոքարկեն Վերաքննիչ դատարան։ Այս առնչությամբ Civic.amը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։
«Անկախ հանցագործության բնույթից՝ կալանքը, որպես խափանման միջոց, ամենածայրահեղ միջոց պետք է ընտրվի դատարանի կողմից։ Ես տեղյակ չեմ, թե արդյոք դատարանն անդրադարձե՞լ է խափանման մյուս միջոցների արդյունավետությանը, և հիմնավորումները բավարա՞ր են եղել, որոնք ներկայացվել են քննիչի կողմից, որ այ մնացած միջոցները չեն կարող արդյունավետ համարվել, բայց հաշվի առնելով ընտանեկան հանգամանքը, որ անչափահաս երեխա ունի, կարծում եմ՝ տվյալ դեպքում անհամաչափ միջոց է կիրառվել»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ անչափահաս երեխա ունենալու հանգամանքով կարող էին կիրառել տնային կալանք։  Իրավապաշտպանը կարծում է, որ եթե անգամ ծանր հանցագործության մեղադրանք էլ լինի, էլի այնուամենայնիվ կալանքի՝ որպես խափանման միջոցի ընտրությունը պետք է շատ լուրջ հիմնավորում ունենա։
Իրավապաշտպանը նշեց, որ բացի կոնկրետ դեպքից, այն, որ խափանման միջոց կալանքի կիրառման հետ կապված մտահոգությունները մնում են, դա միանշանակ է։ «Ես չեմ տեսել, թե որոնք են փաստաբանների կողմից հիմնավոր պարզաբանումները կամ փաստարկները, որոնցում կանդրադառնան, որ խափանման այլ միջոցների դատարանն անդրադարձե՞լ է, թե՞ ոչ և ի՞նչ հիմնավորումներով է բացառել այդ խափանման միջոցների կիրառումը, որպեսզի պատկերացում ունենամ։ Կալանքի վերաբերյալ նիստերը, ցավոք սրտի, փակ են լինում, ու մենք չենք իմանում, բայց արդեն կայացված դատական ակտի բովանդակային մասի ներկայացումը հնարավորություն կտա իրապես հանրային կարծիք ձևավորելու արդեն ոչ թե այս կամ այն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այլ բովանդակային առումով՝ պատկերացում ունենալու համար։ Եվ այս առումով էլ գործով ներգրավված փաստաբաններն անելիք ունեն՝ բացատրելու համար հանրությանը, որ դատավորը մոտեցել է օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ։ Բոլոր դեպքերում տնային կալանքը, որպես խափանման միջոց, հենց այդ նպատակով է ընդունվել, որպեսզի դատարանը խիստ ծայրահեղ և ծանրակշիռ հիմնավորումների դեպքում կարողանա կալանքը կիրառել»,- ասաց իրավապաշտպանը։
Հարցին, թե ինչու ընդամենը մի քանի իրավապաշտպանից բացի մյուսները չանդրադարձան այս խնդրին, Արթուր Սաքունցն ասաց, որ խնդիրն այն է, որ Հայաստանի լրատվական դաշտի մեծ մասը ըստ քաղաքական նպատակահարմարության է մոտենում։ «Այնպես է, որ լրատվական դաշտի գերակշիռ մասը գտնվում է ընդդիմության հսկողության ներքո, և եթե Ալեն Սիմոնյանը լիներ ընդդիմադիր գործիչ, ես պատկերացնում եմ աղմուկի աստիճանը։ Այստեղ մարդու իրավունքի խնդրին ըստ քաղաքական նպատակահարմարության մոտենալն է խնդիր»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։
Հիշեցնենք, որ նախաքննությամբ  ՔԿ-ն պարզել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ ավելի քան 392 մլն ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Լիլիթ Թադևոսյան
Կիսվել սոց․ ցանցերում