Թпւրքերը, իհարկե, Պпւտինին չեն ձերբակալի, բայց գուցե նրան փոխադրող ինքնաթիռն առևանգե՞ն․ Չաքրյանը՝ Պпւտինի՝ Թпւրքիш կատարելիք այցի ու ՄՔԴ-ի «օրդերի» մասին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցի ընթացքում նախատեսվում է քննարկել, մասնավորապես, էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր, և, ըստ մամուլի, այցը պետք է կայանա փետրվարի 12-ին։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասաց․  «Ես, անկեղծ ասած, կասկածում եմ, որ Պուտինը կգնա։ Նախորդ անգամ էլ պետք է կայանար հանդիպում, բայց նա չգնաց։  Էրդողանի հարաբերություններն էլ Արևմուտքի հետ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, բավականին լարված են, այն, ինչ  ակնկալում էր, նա չի ստանում։ Օրինակ՝ Համաշխարհային բանկը, Միջազգային արժութային հիմնադրամը, ԵՄ-ն, ամերիկյան բանկերը Թուրքիային վարկ չեն տրամադրում։ Այս հանդիպումով Էրդողանն իր մեկուսացվածությունն է ճեղքում, որպեսզի ցույց տա, որ ինքն այդքան էլ մեկուսացված չէ, նույն հաշվարկներն էլ Պուտինն է անում»։

Հաքան Ֆիդանը նաև ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները նախատեսում են քննարկել «համագործակցությունը գազային հանգույցի ստեղծման, էներգետիկայի, «Աքքույու» ատոմակայանի կառուցման, հացահատիկային միջանցքի շուրջ։ Ինչպես նաև  օրակարգում կլինեն  Ուկրաինայի և Գազայի հարցերը։

Թուրքագետի խոսքով՝ այդ խնդիրներն օրակարգում են վաղուց, ուկրաինական պատերազմից առաջ էլ օրակարգում էին, պատերազմի ընթացքում էլ օրակարգում են, էլի կմնան օրակարգում, այսինքն՝ օրակարգի նոր խնդիր չունեն։

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը Հակոբ Չաքրյանն ասաց, որ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումները դադարել են, երկար ժամանակ է տեղի չեն ունենում, իսկ Մարգարայի անցակետի մասով, թուրքերն էլ գրում են, որ Մարգարայի անցակետը պատրաստ է, բայց իրենց մասին ոչինչ չեն հայտնում, ուրեմն դեռ նորություն չկա։

«Ինձ թվում է՝ մինչև Էրդողանը «Զանգեզուրի միջանցքից չհրաժարվի, որևէ լուրջ առաջընթաց չի կարելի ակնկալել։ Այս գործընթացը կոչվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու գործընթա։ Բայց հանդիպումներից մեկում Թուրքիան որոշեց, որ սահմանը բացվելու է երրորդ երկրների առջև, ոնց որ մարդուն մտավոր հաշմանդամի տեղ դնի։ Եթե բացում ես, ապա Հայաստանի քաղաքացիների առջև բաց։ Դա միջազգային գործընթաց չի, դա երկկողմ է, մասնակիցները երկու կողմերն են, և դու վերցնում ես երրորդ երկրների քաղաքացիների առջև ես բացում։ Հետո էլ հայտնի չէ, թե այդ երրորդ երկիրը որ երկիրն է»,- ասաց թուրքագետը։

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի առաջին տարելիցի առթիվ Էրդողանին ուղղված իր ուղերձում ասել է․ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են։  2023 թվականի երկրաշարժից հետո Ադրբեջանի ցուցաբերած աջակցությունը ընդմիշտ գրվել է մեր եղբայրության տարեգրության մեջ՝ որպես ադրբեջանա-թուրքական անսասան եղբայրության և համերաշխության հերթական դրսևորում»։

Այս առնչությամբ Հակոբ Չաքրյանն ասաց, որ «մեկ ազգ, երկու պետություն» խոսույթը Հեյդար Ալիևն էր հորինել, իբր նրանք միևնույն ազգի բաղադրիչն են, պարզապես երկու պետություն ունեն։

«Եթե իսկապես համոզված են, որ իրենք մեկ ազգի բաղադրիչ են, դե թող իրենց երկու պետությունները միացնեն, ինչի՞ մասին է խոսքը։ Այդ կարգախոսը գործում է միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է  Հայաստանին ու հայ ժողովրդին։ Երբ Էրդողանի հարաբերությունները Իսրայելի հետ վատանում են, Ալիևի հետ հարաբերություններն անընդհատ զարգանում են։ Բայց միջազգային ասպարեզում էլ Ադրբեջանն անընդհատ դատապարտվում է, դա, կամա թե ակամա, ենթադրում է Ադրբեջանի գոնե  մասնակի մեկուսացվածություն և, փաստորեն, նման քայլերով փորձում է ցույց տալ, որ ինքն այդքան էլ մեկուսացված չէ։ Իսկ Ադրբեջանը տալիս է միայն Թուրքիայի անունը, Ռուսաստանի անունը չի տալիս, քանի որ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը Ռուսաստանը ճանաչել է պատերազմի հանցագործ, Միջազգային քրեական դատարանն էլ Պուտինի նկատմամբ տվել է կալանքի «օրդեր» »,- նկատեց Հակոբ Չաքրյանը։

Զրույցի վերջում էլ Չաքրյանը տարակուսանք հայտնեց, որ ունենալով այդպիսի «օրդեր»՝ Պուտինը կգնա՞ Թուրքիա։ Թուրքագետի խոսքով՝ թուրքերն իհարկե Պուտինին չեն ձերբակալի, բայց գուցե նրան փոխադրող ինքնաթիռն առևանգեն։

Լիլիթ Թադևոսյան

Կիսվել սոց․ ցանցերում