Մեզ ասել էր՝ «կգնաք էս կլինի», սա արդեն տեռпր էր․ Վահան Ավագյանը՝ Վարդան Ղուկասյանի գործողությունների մասին

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը երեկ եղել է Քննչական կոմիտեում։

Այս մասին այսօր քաղաքապետարանում այսօրվա արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ այլ մանրամասներ չհայտնելով․ «Այո՛, երեկ եղել եմ քննչականում, չեմ մանրամասնի՝ ինչու, այդ ինֆորմացիան փակ է և չեմ ուզում բաձրաձայնեմ, այդ հարցերին չեմ պատասխանելու»։

Դիտարկմանը, թե կուսակցության նախկին առաջնորդ Վարդան Ղուկասյանը ենթադրել էր, որ իր վրա ճնշում է գործադրվել, Ավագյանը որոշեց ներկայացնել, թե ինչ է իրականում տեղի ունեցել․ «Ի սկզբանե Վարդան Ղուկասյանի հետ պայմանավորված էր, որ այս նիստը պետք է լինի նույն բովանդակությամբ, ոնց անցավ, բայց քանի որ մեզ մոտ լինում են տարաձայնություններ ու շատ, 15 րոպեն մեկ փոխել պայմանավորվածություն, հետո էլի փոխել, հետո որոշել, որ չենք գնում, իմ մոտ լուրջ կասկած կա, որ մեր ֆրակցիայի անդամները, ինչ-որ միջոցով, կապնվել են մեր լիդերի հետ և ինձ ասվեց կտրականապես՝ «չեք գնում, բոյկոտում եք», ու պայման դրվեց նաև իրենց՝ ասեց՝ «չեք գնում մինչև վերջ, մինչև քաղաքապետարանը քանդվի»։ Մեզ ասել էր՝ «կգնաք էս կլինի», շանտաժ և այլն, դա մեզ էր ասել։ Դա շանտաժ չէ, դա արդեն լուրջ հոդված է, սա արդեն տեռոր է, որին պետք է անդրադառնան պատկան մարմինները ու էդ հարցերով զբաղվեն իրենք։ Դրանից հետո ասվեց՝ իսկ կա՞րող ես պայմանավորվել կամ ճշտել, որ նույն ձևի Ուլիխանյան Տիգրանին չեն հեռացնի»։

Հիշեցնենք` այսօր Երևանի ավագանին անցկացնում էր արտահերթ նիստ, որի օրակարգում էր Հայկ Մարությանին և ավագանու մի շարք ընդդիմադիր անդամների մանդատներից զրկելու հարցը:

«Հանրային ձայն»-ի նախկին առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարել էր, որ «Հանրային ձայն»-ից որևէ մեկը չի մասնակցելու ավագանու նիստին։

«Մենք բոյկոտում ենք Երևանի քաղաքապետարանի բոլոր նիստերը՝ առհասարակ բոլոր: Տիգրան Ավինյանը չի կարողանալու գումարել ոչ մի նիստ: Երևանը պիտի գնա ՔՊ-ի ձեռքի տակից, Երևանը պիտի գնա նոր ընտրությունների», — հայտարարել էր նա։

Կիսվել սոց․ ցանցերում