ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ Սահմանադրության ու Հռչակագրի թեման «խաղաղության պայմանագրի» հարց չէ, այլ ավելի լայն օրակարգ: Փաշինյանը անգամ պայմանագրի մի կետ «գաղտնազերծեց», իր հավաստիացումը համոզիչ դարձնելու համար:
Թվում է, թե այդպես չէ, բայց հարցն իսկապես դա՝ այդ «պայմանագիրը» չէ: Ըստ իս, Փաշինյանը խորհրդարանում հայտարարում է այն, ինչի մասին նախօրեին խոսել եմ 24news-ի տաղավարում, ասելով, որ այստեղ բուն հարցն այն է, որ այդ թեման պահանջված է արեւմտյան դերակատարների մոտ: Այստեղ է բուն խնդիրը: Այն ծագել է Ալլիեւից, բայց բուն խնդիրն այն է, որ վայելում է այդ դերակատարների ռազմավարական հավանությունը; Եվ բացատրել եմ, թե ինչու: Որովհետեւ Հայաստանի անկախ պետականության իրավա-քաղաքական հիմքը, որը փաստացի «ամպուտացնելու» հարցն է քաշվում առաջ, գործնականում չունի միջազգային իրավունքի լեգիտիմության որեւէ խնդիր, ու հենց դրանով է ի դեպ վտանգավոր թե Ադրբեջանի, թե Թուրքիայի համար:
Բայց, հենց դրանով հանդերձ այն դառնում է անցանկալի նաեւ արեւմտյան այն դերակատարների համար, որոնք հետապնդում են Կովկասում ռուսների ու իրանցիների դիրքերը թուլացնելու, նրանց կովկասյան դերը առավելագույնս կառավարելի դարձնելու ռազմավարական նպատակ:
Այո, Հայաստանը այսօր չունի անգամ ինքնապաշտպանության բավարար հնարավորություն՝ գոյություն ունեցող մարտահրավերների ծավալի համեմատությամբ, բայց, վաղը այդ ամենը կարող է փոխվել, իսկ այդ պարագայում որակապես փոխվում է Հայաստանի պետականության իրավա-քաղաքական հիմքի ռեժիմը: Կրկնեմ, այն Թուրքիային ու Ադրբեջանին հուզում է ոչ թե իր «ոչ լեգիտիմությամբ», այլ հակառակը՝ լեգիտիմությամբ: Որովհետեւ այդ վերափոխումը շահեկան է թե Ռուսաստանի, թե Իրանի համար, ու այստեղ թերեւս ես կավելացնեի նաեւ Ֆրանսիան՝ բացառությունը արեւմտյան դերակատարների շարքում: Իհարկե իրական, ոչ մակրոնյան Ֆրանսիան, որն այսօր անհուսորեն պատեպատ խփվող մի սուբյեկտ է, եւ որի առաջ եւս դրված է քաղաքական եւ արժեհամակարգային վերածննդի էքզիստենցիալ հարցը:
Համենայն դեպս, իրական Ֆրանսիային որեւէ կերպ չի կարող ռազմավարական իմաստով շահեկան լինել Հայաստանի պետականության իրավա-քաղաքական լեգիտիմ հիմքի «ամպուտացիան»:
Մյուսները՝ Կլաար, Բոնո, Կոլոմինա, այս օրերին Հայաստան էին այցելել հենց այդ օրակարգով եւ բոլորովին պարզապես զուգադիպություն չէ, որ ժամանակագրական իմաստով հենց նրանց այցերի ժամանակ բացվեց «խոսույթը»:
