Ուղղակի հերթական «սխրանք»․ Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները՝ «թիզական» ու «ոչ մի թիզական», ԱՊՀ դեպոզիտարիա չեն ներկայացրել Ալմա Աթիի պայմանագրի վավերացման վերապահումը․․․ Տարօրինակ է չէ՞՝ դա չի արել և Լևոն Տեր Պետրոսյանի իշխանությունը, որը այն ժամանակ էլ, հիմա էլ հայտարարել է, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի հարևաններից, դա չեն արել նաև նրան ապազգայնության մեջ մեղադրած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց քաղաքական հենարան ուժերով՝ ՀՅԴ-ից սկսյալ․․․
Բացարձակ վստահ եմ, որ տեղի ունեցածը «պատահականության,»»չիմացության» կամ «անփութության արդյունք» չէ։ Դա հերքում է բոլոր նշված իշխանությունների վարած արցախյան քաղաքականությունը ու դրա շրջանակներում բանակցված ու մշակված կարգավորման տարբերակները, որոնք բոլորն էլ կառուցված են եղել այն տրամաբանությամբ, որ ելակետ են ընդունում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, այն է՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմանները, որի շրջանակներում պայմանավորվում են իրացնել «ժողովուրդների ինքնորոշման իրավունքը» համաձայնեցված։ Եթե Հայաստանի իշխանությունները, եթե ոչ առաջին նախագահությունը, ապա երկրորդ ու երրորդ նախագահները ի նկատի ունենային, որ կա «վերապահում» Ադրբեջանի սահմանների ճանաչման մասով, ապա հաստատապես չէին կարողանա բանակցել ու հավանություն տալ նրան, ինչը հակասության մեջ էր այդպիսի դիրքորոշման հետ։ Դա, իհարկե, չի խանգարել նրանց, որպեսզի միջազգային բանակցություններում ճանաչեն Ալմա Աթիի կամ այլ միջազգային պայմանագիր, ներառյալ՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ այստեղ՝ Հայաստանում հասարակությանը խաբել, թե Արցախը չեն ճանաչի Ադրբեջանի կազմում, Արցախի խնդիրը լուծված է․․․ Ահա այդպիսի գավառական՝ աղդամյան շուստրիության մակարդակի․․․ Դե ո՞վ կջոկեր, թե ինչ են անում․․․
Վերջին ժամանակներում ամենատարբեր պաշտոնայների ու փորձագետների հետ տարբեր փակ քննարկումներում այնպիսի իրավական կեղտ ու փնթիություն ես իմանում, որ սարսափից կարկամում ես․․․ Նախորդած այդպիսի մեկը կապված էր Արցախից փախստական դարձած մեր հայերի անձնագրերի հետ կապված հարցն էր․․․ Մարդկային ամոթը ստիպում է շատ դեպքերում հրապարակային, արտաքին աշխարհի առջև չպատմել, թե ինչ ենք ինքներս արել մեզ հետ․․․
