Ծարավ Աղբյուրում հսկայական թաղամաս է կառուցվել, բայց նույնիսկ չկա մանկապարտեզ, մեր միջոցներով մանկապարտեզ ենք կառուցելու. Ավինյան

«Հիմա բենզալցակայաններն ենք ապամոնտաժում, որոնք չունեն համապատասխան փաստաթղթեր, բոլոր տեղերը, որտեղ ունենք իրավական հնարավորություն՝ քանդելու կրպակը, բենզալցակայանը, հին սրճարանը, որը որ այդ կրպակի կամ բենզալցակայանի տեղը չի, մենք դա իրականացնում ենք, բոլոր այն տեղերում, որտեղ սեփականության, վարձակալության փաստաթղթեր կան, այսինքն՝ իրավական հենք կա, դա թողել ենք երկրորդ փուլի համար, բայց այդ հարցերը նույնպես լուծելի են»,- այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը։

Խոսելով խոշոր թաղամասերի խնդիրներից՝ նշեց, որ Ծարավ Աղբյուրում հսկայական թաղամաս է կառուցվել, բայց նույնիսկ չկա մանկապարտեզ. «Մանկապարտեզի տեղը, որ նախկինում պլանավորվել էր, ևս մեկ շինթույլտվություն էր տրվել, որպեսզի շենք կառուցեն։ Ասեմ, որ մենք մերժում ենք այդ մոտեցումը, և հիմա մենք Ծարավ Աղբյուրում համայնքային հողակտորի վրա՝ այնտեղ ունենք 3000-4000 քմ համայնքային հող, մեր միջոցներով կառուցելու ենք մանկապարտեզ»։

Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում հիշատակեց նաև, որ թեպետ քաղաքապետարանը տուրք է ներմուծել՝ ճարտարապետանախագծային փաստաթղթի տրամադրման համար, սակայն քառակուսի մետրի վրա դա էական ազդեցություն չի կարող ունենալ. «Վաճառքի գնի մեկ տոկոսից նվազ է կազմում այդ տուրքը»։

Կիսվել սոց․ ցանցերում