Մեկ տարի առաջ այս օրերին Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը խլեց հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր: Թեև միջադեպից անցել է մեկ տարի, սակայն տարածաշրջանում միջին ու փոքր ուժգնության երկրաշարժեր պարբերաբար գրանցվում են:
Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Հայաստանի տարածքում առանձին թույլ երկրաշարժեր լինում են, բայց արտառոց որևէ բան տեղի չի ունենում, նա որևէ վտանգ չի տեսնում:
«Անգամ միջին ուժգնության երկրաշարժեր չուենենք գրանցված, և մեր տարածաշրջանում զգալի երկրաշարժեր չեն գրանցվում»,- ասում է նա:
Հարցին, թե կլիմայական պայմանները, օրինակ՝ տաք ձմեռը կամ ձյան տեղումների առատությունը, դրա բացակայությունը որևէ կապ կարո՞ղ են ունենալ երկրաշարժերի հետ, Պետրոսյանը պատասխանում է, որ ոչ մի ուղղակի կապ չկա այդ երկու երևույթների միջև:
«Կլիմայական երևույթները ձևավորվում են երկրի մակերեսից տասնյակ կիլոմետրեր բարձրության վրա, իսկ երկրաշարժերը ձևավորվում են երկրի մակերեսից տասնյակ, առանձին դեպքերում հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա: Ինչպես տեսնում եք, դրանք տարբեր միջավայրեր են, և ուղղակի կապ չի կարող լինել մեկը մյուսի հետ»,- ասում է սեյսմոլոգը:
Վերջինս նկատում է՝ Հայաստանում 2020 թվականի դեկտեմբերին ընդունվել է շինարարության նորացված նորմեր՝ ըստ սեյսմիկ գոտևորման քարտեզի, և այժմ ցանկացած շինարարական օբյեկտ կառուցվում է՝ հաշվի առնելով տվյալ տեղանքի սեյսմակայունությունը. «Այսինքն՝ որ բնակավայրում ինչ ուժգնության երկրաշարժ կարող է լինել առավելագույնը, ենթադրենք՝ Երևանում՝ 9 բալ, Վանաձորում՝ 10, Գյումրում՝ 9 և Հրազդանում՝ 8: Շինարարը ցանկացած շինարարական օբյեկտ կառուցելիս հաշվի է առնելու այդ ուժգնությունը»:
Միաժամանակ Պետրոսյանը նկատում է՝ այսօր շատ խոցելի են խորհրդային ժամանակահատվածում կառուցված շենքերը:
«Խնդիրը մտահոգիչ է խորհրդային շենքերի պարագայում, հատկապես 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքերն ու շենքերի մուտքեր են առավել վտանգավոր: Դրանք կառուցվել են տարբեր տարիների, տարբեր պրոյեկտներով ու տարբեր տեղանքներում: Աջափնյակում կան 60-ական թվականներին կառուցված «խռուշյովկաները», որոնք վթարային չեն: Կան շենքեր, որոնք վթարային են, ընդհուպ՝ մինչև չորրորդ աստիճանի: Ամեն շենք առանձին պետք է անձնագրավորվի, և տասը տարին մեկ բոլոր շենքերն ուսումնասիրվեն, և այդ անձնագրերում լրացվեն տեխնիկական պարամետրերը, այդ թվում՝ սեյսմակայունությունը՝ համեմատած նախնական տվյալների հետ, որոնք եղել են շենքը կառուցելու ժամանակ»,- նշում է նա:
Սեյսմոլոգը վերահաստատում է՝ առայժմ չունենք հզոր երկրաշարժերի վտանգ, սակայն դա անընդհատ փոփոխվող պատկեր է. երկրագունդը անընդհատ շարժի մեջ է գտնվում:
«Երկրագնդի ներսում անընդհատ ֆիզիկական, քիմիական, երկրաբանական, հիդրոերկրաբանական պրոցեսներ են ընթանում, և շատ անհանգիստ կառույց է երկրագունդը: Ամենաուժեղ երկրաշարժի դեպքում անգամ անջատվում է երկրակևեղևում և դրանից ցածր կուտակված սեյսմիկ էներգիայի ընդամենը 1 տոկոսը, այսինքն՝ դա եռացող թեյնիկի կափարիչի տակից դուրս եկող գոլորշին է միայն, որ լիցքաթափվում է, մնացածը շարունակում է եռալ երկրագնդի ընդերքում՝ մինչև որ հասունանում է հաջորդ երկրաշարժը կամ հրաբուխը»,- ասում է Հրաչյա Պետրոսյանն ու ցավով արձանագրում, որ առ այսօր չկա որևէ մեխանիզմ, որը ճշգրտորեն կկանխատեսի սպասվող երկրաշարժի տեղն ու ժամը. «Դա բարդ խնդիր է, որը համաշխարհային մակարդակով դեռ լուծված չէ, բայց մասնագետների ուշադրության կենտրոնում է»:
Հերմինե Կարապետյան
