ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եվրոպական ավտոբուսների ձեռքբերման հետ կապված հրապարակումներին:
«Կառավարությունը Երևան քաղաքի համար վարկ է վերցնում, ավտոբուսներ է ձեռք բերում, ազատվում է «մահվան գազելներից», պարտավորությոն է ստանձնում մարել վարկը։ Ու հանկարծ հայտնվում է մեկը, որն ադ ամենը վերագրում է միայն իրեն ու համարում իր ձեռքբերումը։
Շատ լավ․․․ եթե կարծում է՝ ինքն է ձեռք բերել ավտոբուսները, միգուցե 25 միլիոն եվրո վա՞րկն էլ մարի»,- գրել է նա:
Նկատենք՝ Հայկ Մարությանը հրապարակում է արել՝ նշելով, թե ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իրենցից գողացած նախընտրական հոլովակը: Ըստ Մարությանի՝ կադրում, որտեղ ինքը ստորագրում է եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, իրեն ջնջել են, իր խոսքը փոխարինել ուրիշի խոսքով:
Այսօր այս հայտարարություններին արձագանքել է Երևանի քաղաքապետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ ասելով, որ եթե ինչ-որ մեկը «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, ամոթալի է, բայց չի կարծում, որ Վահագն Ալեքսանյանը որևէ մեկին որևէ տեսանյութից հանել է, կարող է պարզապես տեսանյութն է հրապարակել:
«Մյուս կողմից, այն, ինչ իրականացրել է Կառավարությունը, Երևանի ավագանին, դա նախաձեռնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և դա վերագրել միայն մեկ հոգու, որն իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ: Կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, Կառավարությունն է այսօր այդ վարկը մարում, նախաձեռնել է իմ գրասենյակը: Ես չեմ կարող ասել, որ մենակ ես եմ արել, դա արել է քաղաքական թիմը: Առհասարակ խոշոր որևէ ծրագիր մեկ մարդը չի կարող անել, դա պետք է անի քաղաքական թիմը»,- ասել էր Ավինյանը:
